Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատի մարզում դարձյալ փակել են ճանապարհը, պատճառը խաղողի մթերումն է

Արարատի մարզում դարձյալ փակել են ճանապարհը, պատճառը խաղողի մթերումն է
Հասարակություն
12:33, 09 сентябрь 2021
shamshyan.com-ի հաղորդմամբ՝  այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Մի քանի գյուղերի բնակիչներ դարձյալ փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղից դեպի Տափերական գյուղ տանող ճանապարհահատվածը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի գյուղերի բնակիչներ՝ խաղողի մթերման հետ կապված անլուծելի խնդրի համար փակել են ճանապարհը և պահանջում են հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկանները բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները հրաժարվում են՝ ասելով, որ արդեն համբերության բաժակը լցվել է. էլ չեն հավատում ոչ մարզպետին, ոչ էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին.

«Մեր հույսը վարչապետ Ն. Փաշինյանն է։ Մենք ոչ մի քաղաքական խաղերում չկանք, մենք ուզում ենք մեր արդար քրտինքով վաստակած խաղողի մթերման հարցը լուծեն, ու դա միայն, մեր հավատալով, վարչապետը կարա անի, թե չէ, մնացածը կամ օդ են կամ էլ, ինչպես գողական օրենքներով է, «Քերոբի խոսք են տալիս», բայց լրիվ սին խոսեր են»։