Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չենք ուզում ապրել Արցախում. պահանջում ենք, որ մեզ բնակարաններով ապահովեն Հայաստանում. Հադրութցիների ակցիան՝ Կառավարության շենքի առջև

Չենք ուզում ապրել Արցախում. պահանջում ենք, որ մեզ բնակարաններով ապահովեն Հայաստանում. Հադրութցիների ակցիան՝ Կառավարության շենքի առջև
Հասարակություն
14:35, 09 сентябрь 2021
«Մենք պահանջում ենք, որ մեզ Հայաստանի Հանրապետությունում ապահովեն բնակարաններով: Մեզ տներ են առաջարկել սահմանամերձ շրջաններում, մենք էլ ասել ենք՝ էսօր սաղ Հայաստանն ա սահմանամերձ, դուք ձեր առաջարկությունն արեք»,- իրենց պահանջն այսպես ձևակերպեցին Կառավարության շենքի մոտ հավաքված հադրութցիները:

Նրանց խոսքով՝ իրենք չեն ուզում ապրել Արցախում. «Էսօր հեն ա՝ կառավարության որոշումն էլ կա, հանգանակած գումարն էլ կա, համահայկական հիմնադրամի 58 մլրդ-ից 52 մլրդ դրամը տրամադրել է ՀՀ կառավարությունը, որի համար շատ շնորհակալ ենք այդ մարդկանց, բայց մենք ասում ենք՝ էդ մի մասն էլ ուղղեք մեզ»:

Հավաքվածները նշեցին,  որ արդեն 15 օր է՝ կառավարություն են ներկայացրել Արցախ գրած դիմումն էլ, Արցախից ստացված պատասխանն էլ, կառավարությանն ուղղված իրենց դիմումն էլ, և դեռ պատասխան չեն ստացել. «Մենք առաջարկում ենք մեզ մի տարածք տան, ստոլիկ դնենք, աշխատենք»:

Նրանք նշեցին, որ Հայաստանում իրենց շատ լավ են վերաբերվում, նույնիսկ երբ իմացել են, որ իրենք հադրութցի են, տան վարձն են իջեցրել: Նրանց խոսքով, սակայն, մարդկանց մեկ քառորդ մասն արդեն լքել է հայրենիքը:

Հադրութցիներից մեկն էլ նշեց, որ պետական աշխատողները մինչև հիմա իրենց աշխատավարձը ստանում են, իսկ իր նման մարդիկ, ովքեր իրենց ունեցվածքով են ապրել և պետական որևէ հիմնարկում չեն աշխատել, ոչինչ չեն ստանում. «Էստեղից-էնտեղից բրինձ ա, բան ա տալիս են, ապրում ենք, ու հիմա էլ Ծաղկաձորի «Նաիրի» հյուրանոցից են հանել, ասում են՝ դա իրենց մասնավոր հյուրանոցն ա, ու էլ չեն պահում: Էլի շնորհակալ ենք, որ էսքան պահեցին»: