Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Առևանգված» Բոինգ-737-ի օդաչուները փախել են․ պատվիրակություն է մեկնել Թեհրան՝ օդանավը Հայաստան բերելու համար

«Առևանգված» Բոինգ-737-ի օդաչուները փախել են․ պատվիրակություն է մեկնել Թեհրան՝ օդանավը  Հայաստան բերելու համար
Հասարակություն
15:51, 01 март 2021
Փետրվարի 19-ին Էստոնիայից «առևանգված» հայկական օդանավն օրեր առաջ հայտնաբերվեց Թեհրանում։ Civic.am-ի տեղեկություններով՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի կողմից վարձակալված Բոինգ-737 օդանավի օտարերկրացի օդաչուները, որոնք օդանավը Երևան բերելու փոխարեն տարել էին Թեհրան, անհետացել են՝ «փախել են»։ Մեր աղբյուրները մեզ փոխանցեցին նաև, որ Թեհրանի օդանավակայանում հայկական օդանավը կալանքի տակ է։ Իսկ երեկ՝ փետրվարի 28-ին, Իրան են մեկնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ համագործակցությամբ՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի աշխատակիցները և երկու հայ օդաչուները օդանավը Հայաստան բերելու նպատակով։

Նշենք, որ ամերիկյան արտադրության Բոինգ-737 օդանավը դեռևս հունվարի 13-ից գրանցված է հայկական պետական ռեգիստրում և փետրվար ամսին այն Թալինից պետք է բերվեր Երևան։ Ինքնաթիռն օդ է բարձրացել առանց ուղևորների․ այս մասին հաղորդագրություն էր տարածել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն և ընդգծել, կոմիտեն տեղյակ է Boeing 737 տիպի օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ: 

Ըստ մեր տեղեկությունների՝ Թալինից թռիչք իրականացնող օդանավը նախ պետք է Կիևում տեխնիկական սպասարկում անցներ, այնուհետև վայրէջք կատարեր Զվարթնոց օդանավակայանում, սակայն անհասկանալի պատճառներով օդանավը վայրէջք է կատարել Թեհրանում։ 

Հիշեցնենք, որ Tert.am-ն օրեր առաջ գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ պարզաբանում խնդրելով մամուլում հայտնված տեղեկությունների վերաբերյալ, թե Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում։

 «ԱՄՆ կառավարությունը տեղյակ է այն պնդումներից, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան։ Այս հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորում ենք անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը։  ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում»,-պատասխանել էին դեսպանատնից։  

Նարա Խարազյան