Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես կցանկանայի, որ ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեն ունենար իր փորձագիտական կենտրոնը. Սասուն Խաչատրյան

Ես կցանկանայի, որ ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեն ունենար իր փորձագիտական կենտրոնը. Սասուն Խաչատրյան
Հասարակություն
11:16, 10 сентябрь 2021
Ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհուրդն այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում իրականցնում է թեկնածուներ Սասուն Խաչատրյանի, Գառնիկ Թորոսյանի և Դավիթ Մկրտումյանի հարցազրույցները: 

Առաջինը  հարցեր ուղղեցին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։ Մասնավորապես, հնչեց հարց, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ո՞ր դիրքերում է եղել, քանի որ նրա կենսագրականում նշված է, որ իր գլխավորած ջոկատով մասնակցել է պատերազմին, սակայն չի ծառայել։

Ի պատասխան՝ Սասուն Խաչատրյանն ասաց, որ նպատակահարմար չէ նշել, թե որ դիրքերում է եղել, սակայն տեղեկացրեց, որ իր ղեկավարած ջոկատը բաղկացած է եղել քննիչներից, որում ներգրավված են եղել քննիչներ ՀՔԾ-ից և Քննչական կոմիտեից, մարտական գործողությունների ժամանակ ունեցել են նաև վիրավորներ։ «Ինչ վերաբերում է մինչ այդ մարտական պատրաստվածությանը և իմ չծառայելուն, ապա նշեմ, որ մինչև դիրքեր մեկնելը Նուբարաշենում գտնվող հրաձգարանում պարապմունքներ ենք անցկացրել, նաև առաջին բուժօգնության և մարտական պատրաստության»,- ասաց Սասուն Խաչատրյանը։

Խոսելով ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի մասին՝ Սասուն Խաչատրյանն ասաց, որ ամենամեծ առավելությունը, որ տեսնում է Հակակոռուպցիոն կոմիտեում, այն է, որ այն ունենալու է ինքնուրույն օպերատիվ մարմին, և հենց այդ օպերատիվ մարմնի գոյությունն ինքնին մեծացնելու է  այդ ծառայության արդյունավետությունը, անկախ նրանից՝ ինքը կղեկավարի այդ մարմինը, թե այլ անձ։

«Ամեն դեպքում սա դրական տեղաշարժ է, և բացի դրանից, իմ տեսլականն այն է, որ քննչական մարմինն առհասարակ պետք է ունենա իր օպերատիվ օժանդակող մարմինը՝ այդ մարմնի ներսում։ Ինչպես շատ զարգացած երկրներում, նաև իդեալում, ես կցանկանայի, որ այդ մարմինն ունենար իր փորձագիտական հզորությունները, իր փորձագիտական կենտրոնը՝ համալրված լավագույն մասնագետներով, լավագույն տեխնիկայով»,- ասաց Սասուն Խաչատրյանը։