Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանությունը կոչ է անում մարտի 1-ի զանգվածային միջոցառումների ընթացքում չտրվել սադրիչ գործողությունների

Ոստիկանությունը կոչ է անում մարտի 1-ի զանգվածային միջոցառումների ընթացքում չտրվել սադրիչ գործողությունների
Հասարակություն
16:42, 01 март 2021
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով մարտի 1-ին նախատեսված զանգվածային միջոցառումների ընթացքում մնալ օրենքի և օրինականության շրջանակում, չտրվել սադրիչ գործողությունների․

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, մարտի 1-ին նախատեսված զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման և հանրային անվտանգության ապահովման նպատակով կոչ ենք անում անվերապահորեն մնալ օրենքի և օրինականության շրջանակում, չտրվել սադրիչ գործողությունների, խուսափել անպատասխանատու քայլերից և իրավակարգը վտանգող ձեռնարկներից։

ՀՀ ոստիկանությունն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և իր գործառույթներին համապատասխան` ապահովելու է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը։
Մեր հայրենակիցներին հորդորում ենք կատարել իրենց քաղաքացիական պարտքը՝ ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել հակահասարակական արարքների գայթակղությանը։

Ոստիկանությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրային անվտանգությունը պահպանելու համար։

Հիշենք, որ քաղաքացու օրինահարգ պահվածքն ու իրավապահ մարմինների հետ համագործակցությունն են հասարակական անդորրի և անվտանգության պահպանման երաշխիքը»։