Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիս-Կապան ավտոճանապարհին կուտակում է. իրանցի վարորդները հրաժարվում են վճարել Ադրբեջանի սահմանապահներին, պատրաստվում են գալ Իրանի դեսպանատուն․ Գորիսի փոխհամայնքապետ

Գորիս-Կապան ավտոճանապարհին կուտակում է. իրանցի վարորդները հրաժարվում են վճարել Ադրբեջանի սահմանապահներին, պատրաստվում են գալ Իրանի դեսպանատուն․ Գորիսի փոխհամայնքապետ
Հասարակություն
13:07, 13 сентябрь 2021
«Գորիս-Կապան ավտոճանապարհի 12կմ հատվածում, որտեղ տեղակայված են Ադրբեջանի սահմանապահները՝ անցակետ են բացել՝ Իրանից եկող բեռնատարների պլոմբներն են ստուգում, վարորդների փաստաթղթերը։ Իրանցի վարորդները չեն վճարում, հավաքվել են, որ գան Երևան՝ Իրանի դեսպանատուն»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը։

Գորիսի փոխհամայնքապետը նշեց, որ քիչ առաջ է վերադարձել Գորիս-Կապան ավտոճանապարհի այդ հատվածից՝ անձամբ էր գնացել ստուգելու իրավիճակը․ «Ճանապարհի այդ հատվածում արդեն խցանում է՝ բեռնատարները կանգնած են։  Ռուս կամ հայ սահմանապահներ չկան, հայկական պետհամարանիշներով մարդատար ավտոմեքնենաներին էլ արհամարհանքով ասում են՝ արագ անցեք այստեղից»։ 

Կարեն Քոչարյանն ընդգծեց, որ իրանցի վարորդի հետ է զրուցել, և վարորդի խոսքով՝ փաստաթղթերի ձևակերպման համար ադրբեջանի սահմանապահները 30 դոլար են պահանջում, ճանապարհի այդ հատվածով անցնելու համար՝ 130 դոլար, մեծ բեռնատարներից՝ 260 դոլար, իսկ վառելանյութ կամ ավտոյուղեր տեղափոխող բեռնատարներից՝ 500 դոլար։ 

Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալը հիշատակեց նաև, որ Ադրբեջանի սահմանապահները Գորիս-Կապան ավտոճանապարհի 12կմ հատվածում Իրանից եկող բեռնատարները ստուգում են ուրբաթ օրվանից։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում․ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»։

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցությունն առաջարկեց ձևաչափ ընտրել՝ քննարկելու Սյունիքում ստեղծված իրավիճակը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ ձևաչափի հարցը կքննարկեն և ինքը հետամուտ կլինի, որ ոչ թե ԱԱԾ տնօրենի տեղակալը, այլ ավելի բարձր պաշտոնյա ներկայանա, որպեսզի հարցերը ստանան իրենց պատասխանները:

Նարա Մարտիրոսյան