Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետարանը քննարկում է՝ կա՞ն հիմքեր «Ֆիզգորոդոկում» կառուցված շինությունը կասեցնելու համար․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանը քննարկում է՝ կա՞ն հիմքեր «Ֆիզգորոդոկում» կառուցված շինությունը կասեցնելու համար․ քաղաքապետ
Հասարակություն
14:27, 14 сентябрь 2021
Այսօր՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ ավագանու անդամ, «Իմ քայլը» խմբակցությունից Գրիգոր Երիցյանն անդրադարձավ Ֆիզիկայի գիտավանի բնակիչների բողոքի ակցիային և խոսքն ուղղեց Երևանի քաղաքապետին․ «Արդեն որոշ ժամանակ բողոքի ակցիա են իրականացնում բնակիչները, այս պահին էլ քաղաքապետարանի դիմաց են և պնդում են, որ նախկինում ապօրինի օտարում է եղել և ապօրինի սեփականաշնորհում։ Քաղաքապետարանը նաև ստացել է գործով զբաղվող քննիչից գրություն, որով ելնելով ապացուցողական նշանակություն ունեցող փաստերի ոչնչացումը կանխելու անհրաժեշտությունից, անհրաժեշտ են գտնում, որ այս շինարարությունը պետք է կասեցվի։ Ուզում եմ բնակիչներին պարզաբանեք, թե ինչ փուլում է այս ամբողջ գործը և ինչպես ենք մենք արձագանքում այս գրությանը»։
 
Ի պատասխան ավագանու անդամի հարցի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը գործում է բացառապես օրենքի սահմաններում, և իր ուշադրության կենտրոնում է Ֆիզգորոդոկի խնդիրը․ «Քննիչի գրությունը ստանալուց հետո իմ կողմից հանձնարարական է եղել մեր իրավական բլոկին, որպեսզի քննարկեն, վերլուծեն՝ կա՞ն բավարար հիմքեր, որ քաղաքապետարանը իրավունք ունի այդ որոշումը կայացնել՝ կասեցնել, դադարեցնել, կամ չեղյալ համարել շինթույլտվությունը։ Զեկուցումից հետո քաղաքապետարանը կշարժվի առաջ»,-ասաց քաղաքապետն ու ընդգծեց, որ «Ֆիզգորոդոկի» բնակիչները վերջապես ճիշտ ուղղության վրա են, քանի որ դիմել են համապատասխան կառույցին՝ իրավապահ մարմիններին, որոնք իրավունք ունեն շինարարության կասեցման հարցով զբաղվելու։