Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական բեռնափոխադրող ընկերությունից հայտնում են, որ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական հենակետում իրենց բեռնատարները չեն կանգնեցրել

Հայկական բեռնափոխադրող ընկերությունից հայտնում են, որ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական հենակետում իրենց բեռնատարները չեն կանգնեցրել
Հասարակություն
14:09, 15 сентябрь 2021
«ՓաստԻնֆո» լրատվականին տված իր հարցազրույցում Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը տեղեկացրել է, որ վարորդներից ահազանգ է ստացել, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել են նաև հայկական բեռնատարները։

«Երեկ ինձ Կապանից ասել են, որ հայկական երեք բեռնատար են ստուգել։ Հարյուր տոկոսանոց չէ, բայց տեղեկացրել են վարորդները»,- «ՓաստԻնֆո» լրատվականին հայտնել է Կարեն Քոչարյանը։ 

Civic.am-ը կապ հաստատեց Քոչարյանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ տեղեկությունը հաստատված չէ, ինքը ևս ուղղակի լսել է նման միջադեպի մասին։ 

Փորձեցինք բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություններից պարզել՝ արդյոք իրենց մեքենաները կանգնեցրել են ադրբեջանական ոստիկանական հենակետերում, թե՞ ոչ։ 
 
«Լեգառա» բեռնափոխադրող տրանսպորտային ընկերությունից Civic.am-ին տեղեկացրին, որ վերջին անգամ Գորիս-Կապան ճանապարհով իրենց բեռնատարները դեպի Հայաստան բեռնափոխադրում իրականացրել են երեկ և որևէ խոչընդոտի չեն հանդիպել։ Ադրբեջանական հենակետերում իրենց բեռնատարները չեն կանգնեցրել։ 

«Գլոբալ Լոջիսթիքս» միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչն էլ Civic.am-ին տեղեկացրեց, որ Գորիս-Կապան ճանապարհով բեռնափոխադրումներ իրականացնում են։ Վերջին անգամ իրենց մեքենաներն այդ ճանապարհով այսօր են անցել, և, ինչպես «Լագառա»-ի դեպքում, իրենց մեքենաները ևս ադրբեջանական հենակետերում չեն կանգնեցրել և որևէ ստուգում չեն իրականացրել։

Վովա Հակոբյան