Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապագա ռազմական բժշկի ուղին կիսատ մնաց՝ վիրավորին օգնության շտապելու ճանապարհին

Ապագա ռազմական բժշկի ուղին կիսատ մնաց՝ վիրավորին օգնության շտապելու ճանապարհին
Հասարակություն
14:22, 15 сентябрь 2021
Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բժշկական համալսարանի անմահացած մերօրյա հերոսներին միացավ Արամ Ստեփանյանը, որը Ռազմաբժշկական ֆակուլտետ էր ընդունվել՝ հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումով:

«Այդպես էլ զորակոչվեց բանակ. ծառայությունն անցնում էր Ջրականի զորամասում»,- պատմում է ՌԲՖ շրջանավարտ, Վարդենիսի հրենտանային գնդի ռազմական բժիշկ Վարդան Վարդանյանը, որը Արամի հետ շուրջ 6 տարի ապրել է ուսանողական հանրակացարանում:Նկարագրելով կուրսընկերոջը՝ նշում է՝ Արամն իր էությամբ հոգատար, ընկերասեր, իր խոսքը գործով ապացուցող անհատ էր: Նա ֆիզիկապես շատ ուժեղ էր, սիրում էր շախմատ և ֆուտբոլ խաղալ:

«Բժշկի մասնագիտությունը պատահաբար չէր ընտրել. միշտ ասում էր, որ մարդկանց օգնելն իր համար հպարտություն է, իսկ ռազմական բժշկի բարդ ուղին՝ պարտքի զգացում հայրենիքի նկատմամբ»,- հիշում է Վարդան Վարդանյանը՝ ավելացնելով, որ Արամն անմացորդ նվիրումով էր անում այն գործը, որն իրեն վստահվում էր:Ինչպես նշում է կուրսընկերը, 2020թ. սեպտեմբերի 22-ին, իր հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ մերօրյա հերոսը պատմել է, որ ցանկություն ունի տեղափոխվել հետախուզության վաշտ՝ ծառայությունն ավելի արդյունավետ անցկացնելու նպատակով:«Հարազատներն Արամի հետ վերջին անգամ կապ են հաստատել պատերազմի առաջին օրերին: Արամի ավագ եղբայրն այդ ընթացքում նույնպես Ջրականում է կռվել ու մինչև պատերազմի ավարտը փնտրել է նրան»,- ընդգծում է ՌԲՖ շրջանավարտը՝ ավելացնելով, որ Արամի զինակից ընկերներից մեկը, որին նա, կրակի տակից դուրս բերելով առաջին բուժօգնություն է ցուցաբերել, պատմել է, որ Արամը գնացել է մյուս վիրավորին օգնելու և հետ չի վերդարձել. զոհվել է իր ընտրած մասնագիտությանը հավատարիմ մնալով՝ պարտքը կատարելիս:

Արամ Ստեփանյանը բազմաթիվ ցանկությունների շարքում առանձնացնում էր վնասվածքաբանի մասնագիտացում ձեռք բերելու նպատակը, որը պետք է իրականություն դարձներ բժշկական կրթությունն ավարտելուց հետո:Բժշկական բուհի անմահացած հերոսը հանրակացարանում մի ընտանիք դարձած 8 ապագա բժիշկներից մեկն էր, որն անավարտ թողեց բժիշկ դառնալու իր ուղին: «Մինչև Արամի մասունքները գտնելը՝ մեծ հավատ կար, որ նա ողջ է: Սպասում էինք, որ կվերադառնա ու կկիսվեինք մեր սխրագործություններով, բայց մեր պատմությունը կիսատ մնաց… Մենք չենք համարում, որ Արամը զոհվել է, նա միշտ կմնա մեր ընկերը»,-եզրափակում է Վարդան Վարդանյանը, որը պատերազմի ժամանակ ռազմական բժշկի իր առաքելությունն իրականացրել է Քարվաճառում»: