Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ խոսնակը հեռացվել է աշխատանքից նաև ԵՊՀ-ի պատիվը արատավորող հայտարարությունների համար․ Հովհաննես Հովհաննիսյան

ԵՊՀ խոսնակը հեռացվել է աշխատանքից նաև ԵՊՀ-ի պատիվը արատավորող հայտարարությունների համար․ Հովհաննես Հովհաննիսյան
Հասարակություն
17:47, 15 сентябрь 2021
ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել աշխատանքից հեռացվելու մասին։ 
Մայր բուհի արդեն նախկին խոսնակը գրել է, թե «Նիկոլական «բեսպրեդելը» մտավ ԵՊՀ եւ ռեկտորի ժպ-ի «անհիմն նկատողություններով» այսօր ինքը հեռացվել է աշխատանքից։

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը Civic.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Էմին-Տերյանի գրառումը՝ ասաց, որ Գեւորգ Էմին-Տերյանը դեռեւս նախկին ռեկտորի ժամանակ պարբերաբար նրա դեմ եւ ԵՊՀ-ի պատիվը արատավորող հայտարարություններ է արել։

«Բացի դա, հանձնարարականները նորմալ չէր կատարում, եւ եթե անհիմն է համարում, կարող է դիմել դատարան։ Իմ կարծիքով՝ անհիմն չէ ազատումը, եղել են հիմնավոր նկատողություններ, որոնցից հետո նա ազատվել է աշխատանքից», - հավելեց Հովհաննիսյանը։

Պատասախանելով հարցին՝ հնարավո՞ր է Էմին-Տերյանը ԵՊՀ-ից հեռացվել է իր քաղաքական հայտարարությունների համար, ռեկտորի ժպ-ն հակադարձեց․ «ԵՊՀ-ում կան մարդիկ, ովքեր անընդհատ քաղաքական հայտարարություններ են արել կամ անում, որևէ դեպքում խնդիրներ չեն առաջացել, բայց ինքը խնդիրներ առաջացրել է, եւ ես իր վարքի եւ հայտարարությունների համար դիմել եմ թե՛ դատարան, թե՛ էթիկայի հանձնաժողով»։