Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող Covid-19 կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող Covid-19 կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա
Հասարակություն
15:37, 16 сентябрь 2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Մինչ օրակարգի քննարկումը, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակին: Փոխվարչապետը խնդրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տեղեկատվություն ներկայացնել ընթացիկ իրավիճակի և այն մարտահրավերների վերաբերյալ, որոնք պայմանավորված են պատվաստումներով, նախարարի որոշման նախագծով և այն օրենքի նախագծով, որը վերաբերում է հանրային ծառայության ոլորտի աշխատակիցներին և այդ առումով ենթադրվող պատասխանատվությանը, այդ թվում՝ տուգանքներին, ՊՇՌ թեստերին:

Փոխվարչապետ Պապիկյանը ընդգծել է, որ նշված կանոնի հանրային պարզաբանումը շատ կարևոր է՝ թյուրընմբռնումներից խուսափելու համար: «Տիկին Ավանեսյան, հանրության մեջ լայն քննարկման առարկա է, որ պետական պաշտոնյաների մասին կետ չկա, և ինչո՞ւ պիտի նրանք ազատված լինեն: Ուզում եմ հնչեցնեք նաև պետական մարմինների պատվաստման մոտավոր ցուցանիշները որպեսզի հանրությանն ավելի պարզորոշ դառնա, որ մենք առաջնորդող դերակատարում ստանձնել ենք, ու մեր օրինակով փորձում ենք ցույց տալ դրա կարևորությունը», -ասել է փոխվարչապետը:

Առողջապահության նախարարը զեկուցել է, որ պետական ապարատի աշխատակիցները, առաջին հերթին քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց հոկտեմբերի 1-ին սպասելու, արդեն 2-3 ամիս է՝ ակտիվ պատվաստվում են, և պետական ապարատը, առաջնորդությունը վերցնելով, առանց հարկադրանքի որևէ սպասելիքի, իր պատասխանատվության մասնաբաժինն իրականացրել է: «Եվ նորից կրկնում եմ՝ անկախ այս փաստից էլ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա: Եթե չպատվաստված նման անձ կա, պարտավոր է 14 օրը մեկ անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքները», - նշել է նախարարը: Նա ընդգծել է, որ պետական քաղաքականության շրջանակում տրվող կարգավորումները և սահմանափակումներն ուղղված է քաղաքացիների կյանքի, առողջության պահպանմանը և ընդհանուր հանրային առողջապահական անվտանգության ապահովմանը: