Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարների երկկողմանի կուտակումներ են, փող ունեցողն անցնում է, չունեցողը սպասում է՝ փող բերեն. Գորիսի փոխհամայնքապետ

Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարների երկկողմանի կուտակումներ են, փող ունեցողն անցնում է, չունեցողը սպասում է՝ փող բերեն. Գորիսի փոխհամայնքապետ
Հասարակություն
16:59, 16 сентябрь 2021
«Գորիս-Կապան ճանապարհի Որոտան բնակավայրի հատվածում, որտեղ տեղակայված է Ադրբեջանի ոստիկանության անցակետը, բեռնատարների երկկողմանի կուտակումներ են՝ և՛ Հայաստանից դուրս գալիս, և՛ Իրանից եկող»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը։

Փոխհամայնքապետի խոսքով՝ ադրբեջանցիները շարունակում են կանխիկ գումար պահանջել իրանցի վարորդներից. ով փող ունի՝ անցնում է, ով փող չունի, սպասում է՝ փող բերեն, որ տա՝ անցնի։ Կարեն Քոչարյանը, մեջբերելով իրանցի վարորդների խոսքը, նշեց, որ Հայաստան մտնելու համար իրանցի վարորդներից ադրբեջանցիները պահանջում են 130 դոլար, իսկ Հայաստանից դուրս գալիս՝ 250 դոլար։ 

Փոխհամայնքապետը հավելեց  նաև, որ հայ վարորդներն այլևս չեն ահազանգել Գորիսի համայնքապետարան՝ ադրբեջանցիների կողմից բեռնատարները կանգնեցնելու և ստուգումներ իրականացնելու հարցով, և խնդիրը միայն իրանական բեռնափոխադրումներին է վերաբերում։

«Ադրբեջանի ոստիկանության անցակետը Որոտանի տներից մոտ 200 մետրի վրա է, այնտեղ նաև ադրբեջանական ԶՈւ դիրքերն են»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»։

Նշենք նաև, որ երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, թե ինչու է Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված Ադրբեջանի ոստիկանական անցակետ, և ինչու են կանգնեցվում Իրանի տրանսպորտային միջոցները և գանձվում մաքսատուրքեր, արձագանքեց. «2020թ․դեկտեմբերին մենք իրականացրել ենք ՀՀ ԶՈւ դիրքերը ՀՀ Խորհրդային Միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց, և այդ գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար»։

Վարչապետը նաև հավելել էր, որ 2010թ. ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Շուռնուխ և Որոտան բնակավայրերի սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին: «Խորհրդային Միության ժամանակ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանը հետագայում վերածվել է պետական սահմանի»,- ասել է նա ու շեշտել, որ Գորիս-Կապան ճանապարհը երկու հատվածում դուրս է գալիս Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից. «2020թ. պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Գորիս-Կապան ճանապարհը անարգել ձևով պետք է օգտագործվի ՀՀ-ի տրասնպորտային միջոցների և բեռների տարանցման համար, և քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ դեպքում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը...»։ 

Նիկոլ Փաշինյանը նաև հիշատակել է, թե ինչու է օրեր առաջ բարձրաձայնել Էյվազլի և Չայզամի տեղանունները․ «Որպեսզի ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ՀՀ տարածքից դուրս»։ 
 

Նարա Մարտիրոսյան