Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի լավագույն գինիները՝ մեկ տեղում. Հոկտեմբերի 2-ին անցկացվելու է Արենի գինու փառատոնը

Հայաստանի լավագույն գինիները՝ մեկ տեղում. Հոկտեմբերի 2-ին անցկացվելու է Արենի գինու փառատոնը
Հասարակություն
17:45, 16 сентябрь 2021
Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում հոկտեմբերի 2-ին անցկացվելու է Արենի գինու փառատոնը: Հայաստանի իրադարձային տուրիզմի շուկայում կարևոր տեղ զբաղեցրած փառատոնի այցելուների թիվը հատել է արդեն 37,000 -ի շեմը, որոնց մեջ մեծ թիվ են կազմում օտարերկրյա զբոսաշրջիկները: Փառատոնի ամենամյա իրականացման շնորհիվ այն արդեն հայտնի է որպես կայացած գինու տոն՝ ինչպես ՀՀ բնակչության, այնպես էլ զբոսաշրջային կազմակերպությունների, արտերկրից ժամանած հյուրերի համար։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արենի փառատոն» հիմնադրամի նախագծերի կառավարիչ Անի Մավյանը նշեց, որ փառատոնն այժմ ընդգրկում է ամբողջ Արենի գյուղը, վերջինս բաժանվում է հատուկ առանձնացված գոտիների:

«Առանձին տաղավարներով հանդես են գալու արտադրական գինեգործները Հայաստանից ու Արցախից, լինելու են տնական գինի արտադրողներ: Այս փառատոնին ոչ միայն մասնակցելու են Արենի գյուղի, այլև՝ Վայոց ձորի մարզի այլ համայնքների բնակիչները: Նույնիսկ գալիս են հարակից մարզերից»,-ասաց Անի Մավյանը:

Այցելուները 200 տեսակի գինի համտեսելու հնարավորություն կունենան: Ներկայացվելու են նաև Վայոց Ձորի մարզին հատուկ ավանդական կերակրատեսակները, քաղցրավենիքները,  բերքն ու բարիքը: Պանրագործների տաղավարներում էլ ներկայացվելու է պանրի լայն տեսականի:

Արենիի և հարակից համայնքների արհեստագործներն ու արվեստագործները կվաճառեն իրենց պատրաստած հուշանվերները: Անի Մավյանը նկատեց, որ միջոցառման օրը մասնակցության, այցելության թիվն այնքան մեծ է լինում, որ նույնիսկ գիշերակացի խնդիր է առաջանում:

«Մենք այս փառատոնի միջոցով նաև զարգացնում ենք ներքին զբոսաշրջությունը: Շատերը փառատոնի համար գալիս են Վայոց ձոր, իրենց համար բացահայտումներ են անում, հետաքրքիր վայրեր առանձնացնում: Դրանից բացի, բիզնես խնդիր է լուծվում, փառատոնը լավ հնարավորություն է թե՛ վաճառքի, թե՛ մարկետինգային առաջխաղացման տեսանկյունից»,-ասաց Անի Մավյանը: