Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քովիդի դեմ բուժում է ստանում 20-ից ավելի երեխա, վիրուսով վարակված 17 տարեկան դեռահասի վիճակը ծանր կայուն է. մասնագետ․ ՀԺ

Քովիդի դեմ բուժում է ստանում 20-ից ավելի երեխա, վիրուսով վարակված 17 տարեկան դեռահասի վիճակը ծանր կայուն է. մասնագետ․ ՀԺ
Հասարակություն
12:38, 17 сентябрь 2021
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում էլ ավելի է սրվում: Առողջապահության նախարարի խոսքով՝ պատճառը դելտա շտամն է, որը ոչ միայն արագ է տարածվում մեծահասակների շրջանում, այլ նաև՝ երեխաների:

Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ եթե ավելի քան մեկ տարի երեխաները կազմում էին թեստավորվածների 4 տոկոսը, ապա հիմա նրանց թիվը դարձել է 6: Միայն այսօրվա դրությամբ 20-ից ավելի երեխաներ վիրուսի դեմ բուժում են ստանում քովիդի դեմ մասնագիտացված կենտրոններում: Այդ կենտրոններն են «Արաբկիր բ/կ-ն», «Մուրացան բ/կ-ն», երեխաների մի մասն էլ կարող է բուժում ստանալ «Նորք Ինֆեկցիոն հիվանդանոցում»:

«Ի տարբերություն հուլիս ամսվա, երբ քովիդի մահճակալները շատ քիչ էին, ապա որոշակի ավելացում տեղի ունեցավ արդեն դելտա շտամի տարածվածության ժամանակ: Չնայած դրական դեպքերը շատացել են, սակայն հոսպիտալացման դեպքերն այդքան էլ շատ չեն: Օգոստոսին վիրուսով վարակված երեխաների թիվը եղել է 600, հուլիսին՝ 220: Դելտա շտամի դեպքում նույն ախտանշաններն են, բայց այն ավելի շատ է տարածվում, ոչ մի առանձնահատկություններ չկան: Ուղղակի երեխաների շփումները շատացել են, հիվանդացության աճ է նկատվել»,- ասաց Սարգսյանը մեզ հետ զրույցում:

Մասնագետի խոսքով՝ հիմա վիրուսի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում միայն մեկ դեռահաս է: 17 տարեկան տղան բուժում է ստանում «Արաբկիր բ/կ-ում», վիրուսի ծանրությունը պայմանավորված է ուղեկցող խրոնիկ հիվանդությամբ: Նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն: Սարգսյանը նշեց՝ առանձնացված տարիք, թե որ երեխաներն են դելտա շտամը ավելի ծանր տանում, որպես այդպիսին, չկա, բայց վիրուսը մի փոքր ավելի նկատվում է 15-16 տարեկան դեռահասների մոտ. «Նրանց մոտ դա արտահայտվում է ավելի ակտիվ շփումների պատճառով, բայց երեխաների բացարձակ մեծամասնությունը տներում է վարակվում»,- ասաց նա:

Ըստ առողջապահության նախարարության մասնագետի՝ հիմա վիրուսի հետ զուգահեռ խիստ ավելացել են նաև այլ վիրուսները, որոնք անցյալ տարի սահմանփակումների հետևանքով երեխաների մոտ այդքան էլ տարածված չէին և բարդացում չգրանցեցին, ինչի հետևանքով մանկական բաժանմունքները հիմա լարված են աշխատում: Սարգսյանը շեշտում է՝ այդ վիրուսները սովորաբար տարածվում են աշնան և ձմռան ամիսներին:

Խոսելով նաև երեխաների շրջանում վիրուսի դեմ պատվաստման գործընթացի մասին, որոնք այժմ կիրառվում են տարբեր երկրներում՝ Սարգսյանն ասաց. «Մեր օրակարգում այդ հարցը չկա, քանի որ կան խոցելի խմբեր, որոնք դեռ պատվաստված չեն: Կան երկրներ, որոնք թույլ են տալիս պատվաստել երեխաներին, դա ընդունված մոտեցում է: Բայց հիմա երեխաների պատվաստման հարցը մեզ մոտ խնդիր չէ, կարիք չկա: Դա կախված է իրավիճակից, այսինքն՝ չգիտենք, թե ժամանակի ընթացքում համաճարակային իրավիճակը ինչպես կփոխվի: Իսկ թե ե՞րբ դա կլինի, չենք կարող ասել»,- հավելեց նա:

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ