Քաղաքացիակենտրոն
լրատվություն

44-օրյա պատերազմի զոհերի հարազատները անտեսեցին Գեղամ Նազարյանի կոչը՝ չցանկանալով մասնակցել քաղաքական շահարկումներին

44-օրյա պատերազմի զոհերի հարազատները անտեսեցին Գեղամ Նազարյանի կոչը՝ չցանկանալով մասնակցել քաղաքական շահարկումներին
Հասարակություն
18:03, 17 сентябрь 2021
Չնայած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված հերոսի հայր Գեղամ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում կոչով դիմել էր զոհված զինվորների հարազատներին և հայտարարել, որ այսօր, ժամը 17.00-ից, լինեն Հանրապետության հրապարակում՝ կառուցվող բեմի դիմաց, որ ՀՀ Անկախության 30-ամյակի տոնակատարությունը չեղարկելու՝ իրենց պահանջն ավելի տեսանելի և հասկանալի լինի, 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներից գրեթե արձագանք չէր եղել․ մի քանի հոգի էին արձագանքել։ Մնացածը անտեսել էին նրա կոչը՝ թերևս հասկանալով, որ Նազարյանի նպատակը իրենց սուգը քաղաքական նպատակներով շահարկելն է։

Քոչարյանի աջակից, «Հայաստան» դաշինքի պատգամավոր դարձած նախկին լրագրող Գեղամ Նազարյանը, որը ոչ վաղ անցյալում նզովում էր հունիսի 1-ին երեխաների համար համերգ կազմակերպողներին՝ Հանրապետության Հրապարակում երեխաների տոնը նշելու համար և կոչ անում ոչ մի դեպքում չմասնակցել, այժմ էլ պահանջում է չեղարկել սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը։

Ու թեև թե՛ կառավարության անդամները, թե՛ միջոցառման կազմակերպիչները բազմաթիվ հայտարարություններ են արել, որ այդ օրը հիմնականում դասական համերգ է լինելու, հրավառություն չի լինելու, անգամ հանդիպել են զոհված զինծառայողների հարազատների հետ ու մանրամասնել, թե ինչ միջոցառում է նախատեսված, այդուհանդերձ Գեղամ Նազարյանն առիթը բաց չի թողնում շահարկելու, թե հրապարակում հրավառություն է լինելու։ Նա իր գրառման մեջ գրել է. «Պահանջում ենք չեղարկել Սեպտեմբերի 21-ի գունագեղ համերգն ու հրավառությունը»։

Նշենք, որ ակցիայի վայրում Գեղամ Նազարյանին միայնակ չթողնելու համար նրան աջակցելու էին եկել մի քանի համախոհ-քոչարյանականներ։