Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր պետության առջև բոլորովին այլ մարտահրավերներ են, և կրկին դիվանագետների ուսերին է դրված ստեղծված իրավիճակը անաչառորեն աշխարհին ի ցույց դնելու պարտականությունը․ Արման Բաբաջանյան

Մեր պետության առջև բոլորովին այլ մարտահրավերներ են, և կրկին դիվանագետների ուսերին է դրված ստեղծված իրավիճակը անաչառորեն աշխարհին ի ցույց դնելու պարտականությունը․ Արման Բաբաջանյան
Հասարակություն
13:22, 02 март 2021
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ուղերձ է հղել՝ շնորհավորելով Դիվանագետի օրը․

«29 տարի առաջ այս օրը՝ 1992 թվականի մարտի 2-ին, Հայաստանի Հանրապետությունը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամ։ Հայաստանում այսօր տեղի ունեցողի լույսի ներքո այս օրը կրկնակի կարևոր է։ Թիրախը Հայաստանի ինքնիշխանությունն է, անկախությունն է, ժողովրդավարությունն է։

2012 թվականից սկսած այս օրը՝ մարտի 2-ը, նշվում է որպես Դիվանագետի օր։ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը անցել են կայացման չափազանց դժվարին ճանապարհ։ Նորանկախ պետությունը, չունենալով դիվանագիտական ծառայության ո՛չ մշակույթ, ո՛չ հաստատված ավանդույթներ, ըստ էության զրոյից ստեղծել է դիվանագիտական ծառայություն։ Անցած շուրջ երեսուն տարիներին մեր դիվանագետները ծառայել են բավական դժվարին պայմաններում։

Մեր դիվանագիտության անցած ճանապարհի դժվարությունները պայմանավորված են եղել նաև ու առավելապես Հայաստանի ներքին խնդիրներով։ Շուրջ երկու տասնամյակ Հայաստանում իշխանությունը բռնազավթված է եղել, ոտնահարվել են մարդկանց քաղաքական ու քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները։ Հասկանալիորեն, մեր դիվանագետները աշխարհի տարբեր երկրներում ստիպված են եղել պաշտպանել իշխանությունների այդ քաղաքականությունը, ինչը, ցավոք, շատ հաճախ տեղի է ունեցել ի հաշիվ պետության շահերի։ Դիվանագետների աշխատանքում պետությանն ու պահի իշխանությանը ծառայելու միջև սահմանագիծը չափազանց նուրբ է ու անտեսանելի, և, ցավոք, մեր դիվանագետները միշտ չէ, որ այդ երկընտրանքում ընտրել են պետությանը ծառայելու տարբերակը։

Այսօր, սակայն, բոլորովին այլ իրավիճակ է, և մեր պետության առջև բոլորովին այլ մարտահրավերներ են, և կրկին դիվանագետների ուսերին է դրված ստեղծված իրավիճակը անաչառորեն աշխարհին ի ցույց դնելու պարտականությունը։

Դիվանագետների ուսերին է դրված լայն իմաստով աշխարհը Հայաստան բերելու ու Հայաստանն աշխարհին ինտեգրելու առաքելությունը, որը, պետք է հույս ունենալ, մեր դիվանագետները կկատարեն պատվով ու անշահախնդրորեն։

Արցախյան երկրորդ պատերազմից հետո մեր արտաքին քաղաքականության ու դիվանագիտության ասպարեզում առաջացել են նորանոր խնդիրներ, նորանոր մարտահրավերներ, որոնց հաղթահարումը կանխորոշելու է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ապագան։

Շնորհավորում եմ աշխարհի բոլոր ծայրերում աշխատող մեր դեսպաններին, հյուպատոսներին, շարքային դիվանագետներին ու ԱԳՆ գլխավոր ապարատի աշխատակիցներին՝ մաղթելով բեղմնավոր ու ստեղծարար աշխատանք՝ ի պետս Հայաստանի Հանրապետության»։