Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր հերոս Սպարտակ Դանիելյանի ծննդյան օրն է

Այսօր հերոս Սպարտակ Դանիելյանի ծննդյան օրն է
Հասարակություն
15:41, 22 сентябрь 2021
Այսօր հերոս Սպարտակ Դանիելյանի ծննդյան օրն է։ Շնորհավոր երկնային ծնունդդ հերոս։ 

Նա չխնայեց իր ամենաթանկը՝ կյանքը, հանուն բոլորի։ 

Սպարտակ Դանիելյան

Ծնվել է 1999 թվականի սեպտեմբերի 22-ին Արտաշատ քաղաքում։

2006թ.-ին ընդունվել է Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոց։ 11 տարեկանից հաճախել է երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին։

2017թ.-ին ավարտել է Արարատի տարածաշրջանային պետական քոլեջը։ Այնուհետև մեկնել է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ ուսումը շարունակելու նպատակով։ 

2019 թվականին վերադարձել է և հունվարի 26-ին մեկնել պարտադիր ժամկետային ծառայության՝ Արցախի Հանրապետության Մարտունի քաղաք՝ «Ես եմ» ծրագրով։ Մասնագիտությամբ երաժիշտ էր, երաժշտական գործիքը սինթեզատորն էր։ 

Սպարտակը շատ խելացի էր, գաղափար ուներ բոլոր բնագավառներից, զբաղվում էր ինքնակրթությամբ, սիրում էր ռուսական գրքեր կարդալ, փորձում էր ֆրանսերեն լեզվին տիրապետել և օնլայն դասընթացների էր մասնակցում։ Հայրիկի հետ պայմանավորվել էր, որ ծառայությունից հետո պետք է շարունակի ուսումը արդեն բուհում։

1 տարի 7 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Սեպտեմբերի 27-ից մասնակցել է Արցախյան 2-րդ պատերազմին՝ կռվելով «Կորդ» կոչվող գնդացրով։ Եղել է «Խոշոր տրամաչափի գնադացրորդ», դիրքի ավագի օգնական, հաշվարկի հրամանատար։ Թեժ մարտեր է մղել Մարտունիում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում, Հադրութում, Շուշքենդում (Շոշ), Շուշիի մատույցներում։

Հադրութում Սպարտակի զորախումբը ընկել է շրջափակման մեջ, Սպարտակը իր գնդացրով պահել է դիրքը, որի շնորհիվ շրջափակումից դուրս են եկել նրա զինակից ընկերները, ապա նաև ինքն է կարողացել դուրս գալ։

Սպարտակի վերջին մարտը եղել է Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի «Կողակ» բարձունքում։

42 օր պայքարելուց հետո՝ նոյեմբերի 7-ին, մարտական դիրքը պաշտպանելիս, Սպարտակը ստանալով բազմաբեկորային վնասվածքներ անմահացել է «Կողակ» բարձունքում։

Մարտական ընկերների կողմից ստացել է «Ռեմբո» անունը, ըստ նրանց պատմածի նա վախ չուներ, ցանկացած առաջադրանք կատարելու համար նա առաջինն էր պատրաստակամություն հայտնում, կանգնում էր մինչև վերջին վայրկյանը, որպեսզի չզիջի դիրքը։ Հաշվարկները կատարում էր շատ ճշգրիտ։ 

Երկար որոնումներից հետո, փետրվարի 15-ին գտնվեց Սպարտակի մարմինը՝ Մեծամորի դիահերձարանից։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել փետրվարի 20-ին, հուղարկավորված է Արտաշատ քաղաքի գերեզմանատանը։

Մայիսի 14-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հրամանատարը մեդալը ծնողներին հանձնելիս, պատմել է, որ Սպարտակը իր խելացիության և գրագետ պահվածքի շնորհիվ սիրված և հարգված է եղել և՛ հրամանատարների կողմից, և՛ զինվորների։