Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք կախվածության մեջ ենք գտնվում այս վիրուսից, միայն պատվաստման միջոցով է հնարավոր կառավարել այն». ԱՆ ներկայացուցիչ․ Տեսանյութ

Եթե միջոցառումներ չձեռնարկենք, ապա առաջիկա 7 օրվա ընթացքում կունենանք COVID-19-ով վարակման մոտ 5930 նոր դեպք, նրանց 30%-ը կհոսպիտալացվի, իսկ վերջիններիս 3%-ը կարող է ունենալ ինտենսիվ թերապիայի կարիք: Այս մասին այսօր հայտնել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Համաճարակային իրավիճակը գնահատվում է լարված: Ունենք 18 տոկոսով դեպքերի աճ, ունենք բարձրացում դրական թեստերի, որոնց մասնաբաժինը ընդհանուր թեստավորված անձանց մեջ կազմում է 11,1 տոկոս»,- նշեց նա: 

Տիկին Աբովյանը նշեց, որ հոկտեմբերի 1-ից տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր կառույցների, պետական կառավարման մարմինների աշխատակիցների համար 14 օրը մեկ թեստավորման պահանջ է սահմանված՝ բացառությամբ պատվաստվածների: Հիմնական նպատակն է կանխել վարակի տարածումը և ընդհանուր առմամբ  կանխել ծանր, ծայրահեղ ծանր դեպքերը և մահվան ելքերը, ինչը հնարավոր է միայն պատվաստման միջոցով:

«Պատվաստումների գործընթացում որոշակի ակտիվություն արդեն նկատվում է, շատ կազմակերպություններ կազմակերպված դիմում են և պատվաստվում, հուսով ենք, որ ապագայում կունենանք բավականին լուրջ ցուցանիշներ: Նորից ուզում եմ նշել, որ միայն պատվաստման միջոցով է հնարավոր կառավարել այս վիրուսը: Մենք գտնվում ենք վիրուսից կախվածության մեջ»,- նշեց նա: