Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահին բավարար ապացույցներ չկան, որ մեղադրանք առաջադրվի Տիգրան Խաչատրյանին․ ՔԿ-ն՝ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ կրակոցներով միջադեպի մասին

Այս պահին բավարար ապացույցներ չկան, որ մեղադրանք առաջադրվի Տիգրան Խաչատրյանին․ ՔԿ-ն՝ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ կրակոցներով միջադեպի մասին
Հասարակություն
17:17, 23 сентябрь 2021
«Այս պահին բավարար ապացույցներ չկան, որ մեղադրանք առաջադրվի Տիգրան Խաչատրյանին։ Եթե քննության ընթացքում բավարար ապացույցներ կլինեն, այդ ժամանակ գուցե, բայց այս պահին համապատասխան ապացույցներ չկան»,- ի պատասխան Civic.am-ի հարցմանը՝ ասացին ՀՀ քննչական կոմիտեի լրատվականից։ 

Արդեն տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսանը կալանավորվել է։ Հիշեցնենք, որ հուլիսին 13-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի միջեւ ծագած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, այնուհետեւ հնչել էին կրակոցներ։ 

Ուշագրավ է, որ ըստ մամուլի հրապարակումների՝ կրակել էր Տիգրան Խաչատրյանը, հետո տեղի էր ունեցել փոխհրաձգություն, սակայն մինչ այժմ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք չի առաջադրվել։ Ընդհանրապես, այս գործով բացի Կարեն Պողոսյանից, այլ մեղադրյալ չկա։ Մինչդեռ միջադեպի գործով կան 3 տուժողներ, որոնցից 2-ն ունեն հրազենային վնասվածքներ և նրանք կալանավորված Կարեն Պողոսյանի ընկերներն են։
 
Դեպքի օրը դեմքի ձախ կեսի հրազենային շոշափող վիրավորում, փափուկ հյուսվածքների ջնջխումով, ձախ ուսահոդի շրջանի շոշափող հրազենային վերք, որովայնի ստորին կեսի շոշափող հրազենային վերք, հեմորագիկ տրավմատիկ շոկ 2-րդ, 3-րդ աստիճան ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Կարեն Պողոսյանի ընկերը՝ 34-ամյա Հարութ Վարդանյանն ու ձախ նախաբազկի վերին երրորդականի ծալիչ մակերեսի կտրած վերք 15-8 սմ ծալիչ մկանների նյարդերի վնասումով, գոտկային շրջանի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ Տիգրան Խաչատրյանի քեռին՝ 54-ամյա Մելիք Բարսեղյանը։ 

Բացի դա, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ ծնկահոդի առաջային մակերեսի կեղեւապատած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 39-ամյա Գագիկ Բաբայանը։ Պարզվել էր, որ Գագիկ Բաբայանը վնասվածքը ստացել է հուլիսի 13-ին ժամը 23.00-ի սահմաններում, Գորիսի Գետափնյա եւ Գ. Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում՝ Կարեն Պողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանության ժամանակ։ Կարեն Պողոսյանի կողմից միջադեպին ներկա է գտնվել Գագիկ Բաբայանը։ Այդ ընթացքում Տիգրան Խաչատրյանը ձեռքին եղած ատրճանակով կրակել էր վերջինիս ձախ ոտքի ծնկահոդի շրջանին՝ պատճառելով նշված վնասվածքը: Բաբայանը նշված վայրից անմիջապես գնացել էր տուն եւ չէր դիմել հիվանդանոց:

Միջադեպի կողմ Կարեն Պողոսյանը այս տարվա հուլիսի 21-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։ 

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Գորիս քաղաքի բնակիչ, 33-ամյա Կարեն Պողոսյանը ինքնակամ ներկայացել է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն։

Մարինե Խառատյան