Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատվաստումը 100 տոկոսով չի պաշտպանում քովիդով վարակման ռիսկից, բայց թեթևացնում է հիվանդության ընթացքը. Նախարարը գոհ է պատվաստումների քանակից

«Երեկ իրականացվել է 6221 թեստավորում, որից դրական դեպքերը՝ 906, արձանագրվել է 16 մահ»,- այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության հերթական նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ մահճակալների 80 տոկոսը ծառայում է  քովիդ-պացիենտների բուժման համար. «Լարվածությունը առողջապահական համակարգի համար բավական մեծ է»:

Նախարարը նշեց, որ վերջին երկու օրերին շեշտակիորեն աճել է պատվաստումների թիվը. «Մեր քաղաքացիների մոտ բավական մեծ փոփոխություն կա պատվաստումների նկատմամբ վստահության մեծացման առումով: Մարդիկ տեսնում են, որ պատվաստումներն անվտանգ են և պաշտպանում են մեզ քովիդով պայմանավորված մահերից և առողջությանը ծանր վնաս հասցնելուց»:

Նախարարը նշեց, որ 11.470 քովիդի դրական թեստ ունեցող քաղաքացիներից միայն 286-ն է, որ պատվաստված քաղաքացիներ են. «Սա բնական է, որովհետև պատվաստումը մեզ 100 տոկոսով չի բացառում վարակման ռիսկից, սակայն այդ քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթև»:

Ի հավելումն վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատվաստված 300 հազար քաղացիներից «մենք չունենք հիշատակման արժանի բարդություն»: