Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոինգ 737-ի հետևից Թեհրան մեկնած պատվիրակությունը դատարկաձեռն է վերադարձել․ «առևանգված» ինքնաթիռը շարունակում է մնալ Իրանում

Բոինգ 737-ի հետևից Թեհրան մեկնած պատվիրակությունը դատարկաձեռն է վերադարձել․ «առևանգված» ինքնաթիռը շարունակում է մնալ Իրանում
Հասարակություն
17:34, 02 март 2021
Civic.am-ն իր ընթերցողին տեղեկացրել էր, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ համագործակցությամբ՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի աշխատակիցները և երկու հայ օդաչուներ փետրվարի 28-ին Իրան են մեկնել՝ «առևանգված» օդանավը Հայաստան բերելու նպատակով։ Սակայն հայկական «պատվիրակությունն» այսօր՝ մարտի 2-ին դատարկաձեռն է վերադարձել Իրանից․ նրանց չի հաջողվել ամերիկյան Բոինգ-737 օդանավը վերադարձնել Հայաստան։ 

 Նշենք, որ ամերիկյան արտադրության Բոինգ-737 օդանավը դեռևս հունվարի 13-ից գրանցված է հայկական պետական ռեգիստրում, այն վարձակալված է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի կողմից և փետրվար ամսին Տալին քաղաքից պետք է բերվեր Երևան։ Ըստ մեր տեղեկությունների՝ Թալինից թռիչք իրականացնող օդանավը նախ պետք է Կիևում տեխնիկական սպասարկում անցներ, այնուհետև վայրէջք կատարեր Զվարթնոց օդանավակայանում, սակայն անհասկանալի պատճառներով օդանավը վայրէջք է կատարել Թեհրանում։ 

Հիշեցնենք, որ Tert.am-ն օրեր առաջ գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն, պարզաբանում խնդրելով մամուլում հայտնված տեղեկությունների վերաբերյալ, թե Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում։

 «ԱՄՆ կառավարությունը տեղյակ է այն պնդումներից, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան։ Այս հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորում ենք անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը։  ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում»,-պատասխանել էին դեսպանատնից։  


Նարա Խարազյան