Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Լսել եմ, որ մոտ 10 գեներալներ, գնդապետներ հետ են կանգնել ԳՇ հայտարարության տակ իրենց ստորագրությունից»․ Գագիկ Մելքոնյան

Civic.am-ի հետ զրույցում 2000-2008 թ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, անդրադառնալով Գլխավոր շտաբի՝ փետրվարի 25-ի հայտարարությանը՝ նշեց, որ Գլխավոր շտաբը քաղաքական հայտարարություն է արել, որը սահմանադրորեն արգելվում է․ «Բանակը իրավունք չուներ խառնվել քաղաքականությանը»։ 

Ըստ Գագիկ Մելքոնյանի, Գլխավոր շտաբի հայտարարությունն արվել է ինչ-որ մարդկանց թելադրանքով։ Գագիկ Մելքոնյանն ասաց, որ խոսակցություններ կան, որ ԳՇ հայտնի հայտարարությունը ստորագրած մոտ տասը սպա հետ է կանգնել իր որոշումից։ Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականի պահանջով ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության տակ ստորագրել են մոտ 40 գեներալներ։ 

Մեր հարցին, թե հնարավո՞ր է որ բանակը մտնի քաղաք և դիմի ակտիվ գործողությունների, Գագիկ Մելքոնյանը վստահեցրեց, թե չի տեսնում նման հավանականություն, որովհետև հայտարարությունը ստորագրած մարդիկ չեն կարող զորք մտցնել, քանի որ ներքին օղակները չեն ենթարկվի այդ հրամանին և ոչ մի զինվոր դուրս չի գա քաղաք և չի կրակի մարդկանց վրա։ 

Անդրադառնալով Վանեցյանի՝ օրեր առաջ հայտարարությանը, թե իշխանության գալու դեպքում իր կապերի միջոցով կվերադարձնի գերիներին, Գագիկ Մելքոնյանն ասաց, որ դա դավաճանության նման բան է։ «Ի՞նչ է նշանակում՝ տվեք ինձ իշխանություն և ես գերիներին ետ կբերեմ։ Այսինքն ինքը Թուրքիայի հետ է կապի մե՞ջ, Ադրբեջանի հետ է կապի մե՞ջ։ Ու՞մ հետ է պայմանագիր ստորագրել, որ ինքը դառնա իշխանություն ու գերիներին բոլորին բաց կթողնեն», - հարց ուղղեց գեներալը։

Մանրամասները տեսանյութում։

Վովա Հակոբյան