Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչ թե պատվաստվածների, այլ վարակվածների 2%-ն է մահանում․ media.am

Ոչ թե պատվաստվածների, այլ վարակվածների 2%-ն է մահանում․ media.am
Հասարակություն
18:15, 25 сентябрь 2021
Սեպտեմբերի 23-ին ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային խորհդակցություն էր կազմակերպվել՝ հոկտեմբերի 1–ից ներդրվող նոր կարգավորումների վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցում էր նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա, պատասխանելով Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի հարցերին, հնչեցրեց թվեր՝ կորոնավիրուսով վարակվածների հիվանդության ընթացքի և մահացության ցուցանիշի մասին.

«Վարակվածների 20%-ը հիվանդությունը տանում է ծանր, 5%-ը ծայրահեղ ծանր, 2%-ը մահանում է։ Հիմա ի՞նչ անենք, չբուժվե՞նք»:

Լրատվամիջոցների մի մասը, տարածելով Ավանեսյանի խոսքի այս հատվածը, բովանդակային սխալ թույլ տվեց։ Օրինակ «Սպուտնիկ Արմենիան», մեջբերելով նախարարի խոսքը հիվանդության ընթացի և մահացության տոկոսի մասին, գրել էր՝ «Պատվաստված վարակվածների 20 տոկոսը հիվանդությունը տանում է ծանր, 5 տոկոսը ծայրահեղ ծանր, 2 տոկոսը մահանում է»։

Լրատվամիջոցը կարճ ժամանակ անց խմբագրեց տեքստը՝ հեռացնելով պատվաստաված բառը, սակայն ֆեյսբուքյան էջում փոփոխություն արված չէ (սեպտեմբերի 24-ի, ժամը 15:50-ի դրությամբ)։

Տեղեկությունը, թե պատվաստված վարակակիրների 20%-ը հիվանդությունը տանում է ծանր, 5%-ը ծայրահեղ ծանր, 2%-ը մահանում է, տարածվեց տարբեր լրատվամիջոցներով, որոնք, ի տարբերություն «Սպուտնիկ Արմենիայի», այդպես էլ չխմբագրեցին նյութը։ 

Նախարարի խոսքը մեջբերելիս՝ նույն սխալն էին թույլ տվել verelq.am-ը, usanogh.am-ը, Armrusnews.am-ը, այս մասին գրել էին նաև ֆեյսբուքյան օգտատերերը։ 

Նույն սխալը հայտնվել էր նաև Հանրային հեռուստատեսության «Լուրերի» ռեպորտաժում (4:50), որը վերաբերում էր կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր տարածողներին։ 

Լրագրողը, առանց նշելու վիճակագրության աղբյուրը, ասում է՝ «վիճակագրության համաձայն՝ պատվաստվածների, սակայն վարակվածների մինչև 20%-ն է ծանր տանում հիվանդությունը, ծայրահեղ ծանր վիճակում հայտնվում է մինչև 5%-ը, իսկ մահանում՝ 2%-ը»։ 

Այս պնդումը սխալ է, քանի որ նախարարի խոսքը չէր վերաբերում բացառապես պատվաստվածներին։
2% մահացությունը, օրինակ, վերաբերում է ոչ թե պատվաստվածների շրջանում գրանցված դեպքերին, այլ առհասարակ բոլոր վարակակիրներին։

Our world in data կազմակերպության ինտերակտիվ քարտեզում նշվում է, որ Հայաստանում COVID19-ից մահացության ցուցանիշը վարակակիրների շրջանում սեպտեմբերի 23-ի դրությամբ 2,03% է։

Ինչ վերաբերում է պատվաստվածների շրջանում իրականացված ուսումնասիրություններին, ապա այսօր Կառավարության նիստում Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այժմ 11 470 վարակակիրներից միայն 286-ն են եղել պատվաստված, որոնցից հոսպիտալացված են 38-ը։ Նրանք հիվանդությունը տանում են շատ ավելի թեթև և հոսպիտալիցված են, քանի որ խրոնիկ այլ խնդիրներ ունեն։

Ստացվում է, որ այժմ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների 2,5%-ն է եղել պատվաստված, մյուս վարակակիրները պատվաստանյութ չեն ստացել։

Աղբյուր՝ media.am