Քաղաքացիակենտրոն
լրատվություն

3781 զոհ, 231 զինծառայող և 22 քաղաքացիական անձ՝ անհետ կորած․ 44-օրյա պատերազմի ողբերգական հետևանքները

3781 զոհ, 231 զինծառայող և 22 քաղաքացիական անձ՝ անհետ կորած․ 44-օրյա պատերազմի ողբերգական հետևանքները
Հասարակություն
11:22, 27 сентябрь 2021
2020թ․սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը չհայտարարված պատերազմ սկսեց Արցախի դեմ՝ թիրախավորելով ոչ միայն հայկական ռազմական նշանակության օբյեկտները, այլ նաև քաղաքացիական  ենթակառուցվածքները։ Արցախցի մեծ ու մանուկ ապաստան էին գտել հոսանքազուրկ նկուղներում՝ կարծելով, թե օր առաջ կավարտվի պատերազմը։ Ավելի ուշ միջազգային մամուլն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները բարձրաձայնեցին ու մտահոգություն հայտնեցին՝ Արցախի դեմ ծավալված ագրեսիվ պատերազմում նաև Թուրքիան էր միջամտել՝ սիրիացի վարձկաններ ներգրավելով։ Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով իրականացված պատերազմական հանցագործությունները բազմաթիվ էին, հարուցված քրեական գործերը՝ ևս։

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ։

27.09.2021թ. դրությամբ անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ: