Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բյուջեի ծախսերի 1/3-րդը կենսաթոշակներն ու նպաստներն են. ֆինանսների նախարարը՝ բյուջեի կատարողականի մասին

Բյուջեի ծախսերի 1/3-րդը կենսաթոշակներն ու նպաստներն են. ֆինանսների նախարարը՝ բյուջեի կատարողականի մասին
Հասարակություն
12:31, 27 сентябрь 2021
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց 2021 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: Խաչատրյանը տեղեկացրեց, որ ծախսերի մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն հատկապես սոցիալական նշանակության ծախսերը:

«Մեր բյուջեի ծախսերի 1/3-րդը կենսաթոշակներն ու նպաստներն են: Դրանք կազմել են 297 մլրդ դրամ կամ 34.3 տոկոս:

Համեմատաբար մեծ կշիռ ունեն նաև դրամաշնորհները, որոնք 90.01 մլրդ դրամ կամ 10.04 տոկոս են, սուբսիդիաները, որոնք 59 մլրդ դրամ են կազմել կամ 6.8 տոկոս, պետական բյուջեի պարտքի սպասարկման համար կատարվող տոկոսավճարները 87 միլիարդ դրամ են եղեձլ կամ ընդհանուր ծախսերի 10.1 տոկոսը:

Ապրանքներ և ծառայություններ գնվել են մոտ 70 մլրդ դրամ արժեքով: Աշխատավարձերի վճարման են ուղղվել 75.6 մլրդ դրամ: Կապիտալ ուղղություններով՝ 77.1 մլրդ դրամ է ծախսվել, իսկ այլ ծախսերի ուղղությամբ կատարված հատկացումները կիսամյակի ընթացքում կազմել են 110.5 մլրդ դրամ»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացրել է կիսամյակային ծախսերի 34 տոկոսը:

«Պաշտպանության նախարարությունն իրականացրել է ծախսերի 16.8 տոկոսը, ԿԳՄՍՆ-ն՝ 8.9 տոկոսը, ՏԿԵՆ-ը՝ 7.7 տոկոսը, առողջապահության նախարարությունը՝ 7 տոկոսը, ֆինանսների նախարարությունը՝ 10.3 տոկոսը»,- ասաց Խաչատրյանը: