Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի Գոգոլի անվան դպրոցի տնօրենի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել

Երևանի Գոգոլի անվան դպրոցի տնօրենի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել
Հասարակություն / Իրավունք
22:11, 02 март 2021
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի Ն. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի հանգամանքները:

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով՝ Էրեբունի վարչական շրջանում գտնվող, Ն.Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի  Հանրապետություն վերադարձած և 2019թ. ռուսերեն ուսուցմամբ 4-րդ դասարան ընդունված աշակերտին 2020թ. հայերեն ուսուցման 5-րդ դասարան չտեղափոխելու դիմաց 2020թ. օգոստոս ամսին նույն աշակերտի համադասարանցու ծնողի միջոցով աշակերտի ծնողից որպես կաշառք պահանջել է զգալի չափերի՝ ընդհանուր 145.575 ՀՀ դրամ գումարին համարժեք 300 ԱՄՆ դոլար գումար, որի փոխարեն վերջինս կաշառք տալու միջնորդ հանդիսացած ծնողին է փոխանցել ընդհանուր 150.000 ՀՀ դրամ գումար:


Այնուհետև,  2021թ. փետրվարի 16-ին նույն դպրոցի տնօրենը, կաշառք տվող ծնողին իր աշխատասենյակ հրավիրելով և հայտնելով, որ պահանջված 300 ԱՄՆ դոլարից իրեն է փոխանցվել ընդամենը 100 ԱՄՆ դոլար, պահանջել է 104.984 ՀՀ դրամ գումարին համարժեք 200 ԱՄՆ դոլար գումար:

Քննչական կոմիտեից նաև հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 2-րդ մասով, 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասով և 313-րդ հոդվածի (կաշառքի միջնորդությունը) 1-ին մասով:

Ըստ աղբյուրի՝ 2021թ. մարտի 2-ին քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: