Քաղաքացիակենտրոն
լրատվություն

20 ԲԿ-ներ գրեթե ամբողջությամբ ծառայում են COVID-ով հիվանդ պացիենտների բուժմանը․ դրանց կավելանան Արտաշատի ու Գյումրու հիվանդանոցները․ առողջապահության նախարար․ Տեսանյութ

«Համավարակի հետ կապված բավական լարված իրավիճակում ենք, արդեն իսկ 20 բժշկական կենտրոններ ամբողջությամբ կամ մասամբ ծառայում են կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժմանը, և այս շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդներին կսպասարկեն նաև Արտաշատի ԲԿ-ն ու Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու հավելեց. «Մեր մահճակալային ռեզերվները գրեթե ամբողջությամբ մոբիլիզացվում են, որովհետև, ինչպես մի քանի անգամ նշել ենք, դելտա շտամի առանձնահատկությունն այն է, որ մենք ունենք ավելի հոսպիտալացման կարիք և առավել ծայրահեղ ծանր դեպքեր, քան նախորդ ալիքների ժամանակ»։ 

Ինչ վերաբերում է ՊՇՌ թեստերի գների տատանմանն ու վերահսկմանը՝ նախարարն ընդգծեց, որ գնային քաղաքականությունը առողջապահության նախարարության գործիքակազմի մեջ չի մտնում։ 

Հարցին՝ կա՞ն այս պահին հիվանդանոցում գտնվող անձինք, որոնք մինչ վարակվելը պատվաստվել էին, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Իհարկե կան, բայց սա համադրելի է այն իրավիճակի հետ, ինչ որ կա այլ երկրներում, որտեղ պատվաստումների բավական ցուցանիշներ կան։ Պատվաստումները շատ լուրջ կանխարգելիչ նշանակություն ունեն, որովհետև անգամներ նվազեցնում են ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդանալու ռիսկերը և մահացության դեպքերը»։