Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազգային ժողովը հյուրընկալել է սփյուռքահայ երիտասարդների

Ազգային ժողովը հյուրընկալել է սփյուռքահայ երիտասարդների
Հասարակություն
15:18, 28 сентябрь 2021
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հյուրընկալել է «Սփյուռքի  երիտասարդ  դեսպան»  ծրագրի շրջանակում  ճանաչողական այցով Հայաստանում գտնվող մի խումբ սփյուռքահայ երիտասարդների:

Ողջունելով հյուրերին՝ Սիսակ Գաբրիելյանը խոսել է Հայաստան-Սփյուռք կապի եւ ակտիվ համագործակցության կարեւորության մասին:

Հարց ու պատասխանի ձեւաչափում պատգամավորն անդրադարձել է հայրենադարձությանը վերաբերող օրենքի անհրաժեշտությանը: Պատգամավորի խոսքով՝  նախագիծն արդեն հաջորդ տարի կդրվի շրջանառության մեջ:

Երիտասարդներն առաջարկել են ներգաղթը դարձնել մասնագիտական՝ ըստ անհրաժեշտ ոլորտների: Անդրադարձ  է կատարվել Սփյուռքի դպրոցներում հայոց լեզվի դասավանդման անհրաժեշտությանը, նշվել է, որ այնտեղ ունեն մասնագետների կարիք: Առաջարկվել է ուսուցիչների թափուր աշխատատեղերի հարցը լուծել պետական մակարդակով:

Սփյուռքահայերը բարձրացրել են ՀՀ խորհրդարանում ներկայացուցիչ ունենալու հարցը` այդ համատեքստում կարեւորելով նաեւ իրենց մասնակցությունն ընտրական գործընթացներին:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը խոստացել է բարձրացված հարցերին անդրադառնալ վերոնշյալ օրենքի նախագծի քննարկման շրջանակներում եւ լուծումներ տալ դրանց: