Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունն «անհրաժեշտություն չի տեսնում» 2008 թ Մարտի 1-ի հրամանագիրը Կոնվենցիայի խախտում որակած ՄԻԵԴ վճիռով նոր քրեական հետապնդում սկսելու համար Քոչարյանի նկատմամբ. azatutyun.am

Դատախազությունն «անհրաժեշտություն չի տեսնում» 2008 թ Մարտի 1-ի հրամանագիրը Կոնվենցիայի խախտում որակած ՄԻԵԴ վճիռով նոր քրեական հետապնդում սկսելու համար Քոչարյանի նկատմամբ. azatutyun.am
Հասարակություն
16:39, 28 сентябрь 2021
«Ազատության» հետ զրույցում Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ Գլխավոր դատախազությունը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում սկսելու անհրաժեշտություն չի տեսնում։

«Դրանք մասնագիտական հայտարարություններ չեն։ Կանգնել ասել՝ պետք ա լինի քրեական հետապնդում, մասնագիտական չի, իրավաբանություն մասնագիտության մեջ չի տեղավորվում։ Եթե պետք ա լինի որևէ հետապնդում, ինձ թվում ա, իրավաբանները կասեն նաև ինչ հետապնդում։ Եթե մեր մեղադրանքի մեջ արտակարգ դրություն հայտարարելու անօրինական լինելը չլիներ, ես կշարունակեի իրենց, կասեի թե ինչ հետապնդում», - հավելաց նա։

Որոշ փաստաբաններ, վերլուծելով Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի վերջին վճիռը, որի հիմքում նախկին նախագահի՝ 2008-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրն էր, պնդում էին, թե դա հիմք է Մարտի 1-ի գործով արդեն արդարացված Քոչարյանի դեմ նոր հետապնդում նախաձեռնելու համար։

Գլխավոր դատախազի տեղակալը, արձագագանքելով այդ կարծիքներին, ասում է, որ նոր հետապնդման կարիք չկա, բայց երկրորդ նախագահի և նրա նախկին երեք ենթակաների արդարացման վճիռը, որը հիմա բողոքարկվում է վերաքննիչ դատարանում, պետք է վերանայվի։

Ըստ Բաղդասարյանի, 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների վերաբերյալ անցած շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռը հաստատում է դատախազության պնդումները, որ 13 տարի առաջ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրություն հաստատելու մասի հրամանագիրն ապօրինի էր, և որ մայրաքաղաքի կենտրոնում տեղի են ունեցել հանցագործություններ։

«Այդ դիրքորոշումն ամրապնդում է մեր պնդումները։ Հակառակ պաշտպանական կողմի հրապարակային հայտարարություններին, այս դիրքորոշմամբ արձանագրվել է մեր մեղադրանքի մեջ կարմիր գծով անցնող հանգամանքը. այն, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը եղել է անօրինական։ Եվրոպական դատարանը օրենքով նախատեսված լինելու մասով արձանագրում է, որ էդտեղ կա խնդիր, որովհետև օրենք ընդունված չի եղել, բայց նաև փաստում է, որ որոշում է այդ հարցը թողնել բաց։ Այսինքն՝ մանրամասն չի քննարկում։ Մի պարզ պատճառով. որովհետև Եվրոպական դատարանի պրակտիկայում սահմանված թեստի երկրորդ մասը էդ որոշումը չի անցնում՝ դա իրո՞ք եղել է անհրաժեշտ, թե՞ ոչ։ Եվրոպական դատարանը շատ ուղիղ արձանագրում է, որ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն չի եղել», - մանրամասնեց գլխավոր դատախազի տեղակալը։