Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես պիտի Ձեզ հիշեցնեմ, որ Դուք ՀՀ ԿԳՄՍ նախարարն եք, և միայն ԵՊՀ-ի փիառով չէ, որ պիտի զբաղվեք»․ Գորգիսյանը՝ նախարար Դումանյանին

«Ես պիտի Ձեզ հիշեցնեմ, որ Դուք ՀՀ ԿԳՄՍ նախարարն եք, և միայն ԵՊՀ-ի փիառով չէ, որ պիտի զբաղվեք»․ Գորգիսյանը՝  նախարար Դումանյանին
Հասարակություն
15:38, 10 февраль 2021
Այսօր՝ ԱԺ հերթական նիստի ժամանակ, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով բուհերի ֆինանսավորման մեխանզիմների մասին հնչեցված հարցին, նշեց, որ բուհ ընդունվելուց հետո  ուսանողներին հնարավորություն կտրվի  ընտրել՝ որ բուհում ստանալ կրթությունը։
«Մենք այլևս ոչ թե  նախատեսում ենք բուհերին տալ  այսքան պետ․ պատվեր տեղ, կցել բուհին՝ ով կգա՝ կգա,  այլ մենք, այսպես կոչված գրանտի շրջանակում, դա տալիս ենք դիմորդին՝ արդեն մասնագիտությամբ ընդունվածին։ Ինքը արդեն կորոշի՝ որտեղ, որ բուհում ստանալ տվյալ մասնագիտությունը, և այստեղ բուհերի մեջ կառաջանա որոշակի առողջ մրցակցային դաշտ։ Ոչ թե տեղերն ենք վերցնում, այլ ուսանողը, անձը պիտի գնա բուհ։ Այսինքն՝ սովորողը ինքը կորոշի, թե տվյալ մասնագիտությամբ որ բուհը ընտրի՝ որպես իր ապագա»։

Իսկ հարցին, թե  Երևանի պետական համալսարանին (ԵՊՀ)՝ որպես հատուկ կարգավիճակ ունեցող բուհ,  ինչ ֆինանսավորում է տրվելու, Դումանյանը պատասխանեց, որ հստակ գումար դեռ չի նշվում․ «ԵՊՀ-ի հատուկ կարգավիճակ և  ֆինասավորում․ իհարկե, մենք այսօր  ոչ հստակ գումար ենք  նշում, ոչ էլ այլ գործունեություն։ Ուղղակի մենք տալիս ենք հնարավորություն, գնահատում ենք մեր Մայր բուհի վաստակած կարգավիճակը։ Ի դեպ, 92 թվականին, նախագահի հրամանագրով` այս կարգավիճակը, այս միտքը հնչեցվել է։ 30 տարի է անցել և կարծում եմ, մենք ուղղակի օրենքի մեջ ենք այդ միտքը գրում և, համոզված եմ, որ շատ լավ բան ենք անում»։ 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, սակայն, նախարարին մեղադրեց ակադեմիական ռասիզմի մեջ՝ ոչ հիմնավոր և խտրական որակելով ԵՊՀ-ին բացառիկ դեր շնորհելու երևույթը․ «Ես ստիպված եմ Ձեզ հիշեցնել, որ Դուք ՀՀ ԿԳՄՍ նախարարն եք, ոչ թե ԵՊՀ -ի պաշտպանը՝ կառավարությունում կամ այստեղ։ Եվ, երբ գրված է, որ ԵՊՀ-ն  ԿԳՄՍ բացառիկ հաստատություն է, Ձեր բոլոր հնչեցրած մտքերը և հիմնավորման մեջ գրածները մոտ են, եթե ոչ ցնդաբանության, ապա, գոնե,  ակադեմիական ռասիզմի, ինչը անթույլատրելի է։ Մենք ապրում ենք 21-րդ դարում և պարտավոր ենք բոլոր պետական, հանրային բուհերի համար ապահովել նույն պայմանները։ Եթե Դուք  թույլ եք տալիս Ձեզ մոռանալ, որ Դուք նաև մյուս բոլոր բուհերի զարգացման պատասխանատուն եք, ապա ես պիտի Ձեզ հիշեցնեմ, որ Դուք միայն ԵՊՀ-ի փիառով չէ որ պիտի զբաղվեք ԱԺ-ի ամբիոնից»։

Նախարար Դումանյանը, ի պատասխան Գորգիսյանին, կոռեկտության և զսպվածության կոչ արեց, և նշեց, որ ոչ թե նա է ԵՊՀ-ի Փիառ-ով  զբաղվում, այլ Գորգիսյանն է ռասիզմի փիառով զբաղվում։ 

Սյուզի Սիրականյան