Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022թ. հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կատարվելու են բացառապես անկանխիկ եղանակով. ԿԲ նախագահ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կառավարության հերթական նիստում ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ իրենք նպատակ են դրել խրախուսել անկանխիկ դրամաշրջանառությունը, սահմանափակել կանխիկ դրամային գործառությունների ծավալը և բարձրացնել հարաբերությունների թափանցիկությունը տնտեսության մեջ:

Նախագծի մանրամասները ներկայացրեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: «Սահմանվում են անկանխիկ գործառությունների ոլորտները»,- նշեց նա և ներկայացրեց, թե որ ոլորտներում են կատարվելու անկանխիկ գործառություններ:

Ինչ վերաբերում է ապրանքների օտարման ու ապրանքների օգտագործման դիմաց ծառայությունների մատուցման գործարքներին, ԿԲ նախագահն ասաց. «2022թ. հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կատարվելու են բացառապես անկանխիկ եղանակով: Աշխատավարձերը ևս վճարվելու են անկանխիկ եղանակով»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց, որ ինքը շատ կզարմանա, եթե այս նախագիծն ունենա հակառակ հռետորաբանություն. «Հակահռետորաբանությունը ստվերի պահպանության լոբբիզմն է, որը հասկանալի է, բայց նաև անթույլատրելի»: