Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ՄԻՊ-ը աշխատանքային այց է կատարել քաղաք Մարտունի

Արցախի ՄԻՊ-ը աշխատանքային այց է կատարել քաղաք Մարտունի
Հասարակություն
13:48, 01 октябрь 2021
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Պաշտպանի գլխավորությամբ այցելել են ԱՀ Մարտունի քաղաք և իրականացրել քաղաքացիների ընդունելություններ: Հանդիպումների ժամանակ քաղաքացիների իրավունքների պատշաճ իրացման համար Պաշտպանի և աշխատակազմի կողմից տրվել է իրավական խորհրդատվություն, որոշ հարցերի վերաբերյալ աշխատակազմում նախաձեռնվել են քննարկումներ։

Աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են կատարել նաև Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 1 և Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 հիմնական դպրոցներ և հանդիպել դպրոցների տնօրինության, ուսուցչական անձնակազմերի և աշակերտների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ուսուցիչների աշխատանքային իրավունքների և երեխաների կրթական իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների՝ մասնավորապես՝ շենքային պայմանների, դպրոցներում սանիտարահիգենիկ իրավիճակի, դասապրոցեսներիի հետ կապված հարցեր։
 
Ուսումնասիրությունների և առանձնազրույցների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբը արձանագրել է որոշ համակարգային հիմնախնդիրներ ու անհատական բողոքներ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպանը իր իրավասությունների շրջանակներում համապատասխան առաջարկներ է ներկայացնելու պետական լիազոր մարմիններին:
 
Այցի ընթացքում արձանագրված խնդիրների, իրավունքների պաշտպանության ընդհանուր իրավիճակի և շրջանում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերյալ Պաշտպանը քննարկում է ունեցել նաև ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի հետ։
 
Գեղամ Ստեփանյանը մշտադիտարկման այց է կատարել նաև ԱՀ Ոստիկանության Մարտունու շրջանային բաժին, ծանոթացել ձերբակալված անձանց պահման պայմաններին։ Արձանագրվել են պահման պայմանների հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են ձերբակալված անձանց՝ ԱՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով սահմանված իրավունքների պաշտպանությանը։
 
Արձանագրված խնդիրներն ու առկա պայմանների բարելավման ուղղությամբ Պաշտպանի առաջարկները ուղարկվելու են ԱՀ ներքին գործերի նախարարություն։
 
Նման ձևաչափով այցեր են նախատեսվում նաև Արցախի Հանրապետության այլ համայնքներ: