Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերապատրաստման դասընթաց՝ Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի իրականացման շրջանակում․ Ծրագրի նպատակն է ուժեղացնել բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունը

Վերապատրաստման դասընթաց՝ Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի իրականացման շրջանակում․ Ծրագրի նպատակն է ուժեղացնել բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունը
Հասարակություն
16:32, 02 октябрь 2021
Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում անցկացվել է վերապատրաստման
դասընթաց` ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և Համաշխարհային
մաքսային կազմակերպության Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում։

Վերապատրաստման դասընթացին մասնակցել են ինչպես Պետական եկամուտների կոմիտեի,
այնպես էլ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։
Դասընթացի նպատակն էր Համատեղ վերահսկման ստորաբաժանման ձևավորմանն ու դրա
կարողությունների զարգացմանն ուղղված հարցերի քննարկումը:

Հունիսի 16-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով Հայաստանը միացել է Բեռնարկղերի
վերահսկողության ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել ծրագրում ներգրավված իրավապահ
մարմինների ներկայացուցիչներից կազմված Համատեղ վերահսկման ստորաբաժանում։
Բեռնարկղերի վերահսկողության ծրագիրը նախատեսում է ՄԱԿ և ՀՄԿ կողմից համատեղ մշակված
հատուկ հավելվածի ներդրում, որն իրենից ներկայացնում է լիազորված մուտք ունեցողների համար
օպերատիվ-տեղեկատվական հարթակ՝ ռիսկի բարձր ցուցանիշներ ունեցող բեռնարկղերի վերաբերյալ
տեղեկատվություն ստանալու և ուղարկելու նպատակով:

Ծրագիրը համատեղում է անդամ պետության իրավապահ մարմինների կարողություններն ու
գործողությունները՝ ուժեղացնելու համար բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունը,
բարելավվելու համար տեղեկությունների համակարգման և վերլուծության ընթացակարգերը՝
գործողությունների կրկնություններից, ավելորդ վարչարարության կիրառումից խուսափելու և
բեռնափոխադրման գործընթացների նկատմամբ վերահսկողությունը միջազգային լավագույն չափանիշներին
համապատասխան իրականացնելու նպատակով: