Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոցապ նախարարությունը ծնելիությունը խթանող օրինագիծ է մշակել

Սոցապ նախարարությունը ծնելիությունը խթանող օրինագիծ է մշակել
Հասարակություն
15:20, 03 март 2021
 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում ծնելիության խթանմանը և բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը նպաստող օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը որպես առաջնահերթություն դիտարկելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել նրանց տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը»,- գրել է Առաքելյանը:

Այդ նպատակով նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներին կտրամադրվի աջակցության հետևյալ տեսակները՝ դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի/տան տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:

«Այսպիսով, բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը, նրանց առաջնահերթ կենսական պահանջմունքների բավարարմանն ու ժողովրդագրական կայունության ապահովմանը»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը: