Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավինյանն ու Շվեդիայի դեսպանը խոսել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի և հայ գերիների շուտափույթ վերադարձի անհրաժեշտության մասին

Ավինյանն ու Շվեդիայի դեսպանը խոսել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի և հայ գերիների շուտափույթ վերադարձի անհրաժեշտության մասին
Հասարակություն / Պաշտոնական
16:04, 10 февраль 2021
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Պատրիկ Սվենսոնին, հայտնում է փոխվարչապետի գրասենյակը։

 Ավինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և երախտագիտություն հայտնել Շվեդիային ցուցաբերած աջակցության համար: Անդրադարձ է եղել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացմանը:

Կողմերը քննարկել են նաև անվտանգային հարցերը, այդ թվում՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրադրությունը, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և հայ գերիների շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը:

Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում տնտեսական բարեփոխումների ընթացքը՝ շեշտելով նախորդ շաբաթ Հայաստանի կառավարության նիստում ընդունված «Տնտեսական արձագանքման ծրագրի» նշանակությունը: Այս համատեքստում նա կարևորել է Շվեդիայի հետ ակտիվ երկխոսությունը՝ նոր ներդրումներ ներգրավելու, գիտության ու նորարարության ոլորտում համագործակցության, բարձր տեխնոլոգիաների զարգացման առումով: Կարևորվել են նաև կայուն զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Ավինյանն ու Սվենսոնն անդրադարձել են հանրային կառավարման բարեփոխումներին, մասնավորապես՝ հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև քննարկել են առողջապահության ոլորտում գործընկերության խորացման հեռանկարները։