Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային կառույցները ավելացնում են ճնշումները Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցում․ ԱԳ նախարար

Միջազգային կառույցները ավելացնում են ճնշումները Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցում․ ԱԳ նախարար
Հասարակություն
18:05, 03 март 2021
ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն Ազգային Ժողովում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությանը ասել է, որ տարբեր երկրների ղեկավարներ, միջազգային կառույցներ ավելացնում են ճնշումն Ադրբեջանի վրա։ 

«Իտալիայի խորհրդարանը երեկ ընդունել է բանաձեւ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարեւորագույն հարցին»,- ասել է նա։ 

ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ գերիների վերադարձի համար օգտագործվում են բազմաթիվ խողովակներ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում Ռուսաստանն ունի կարեւոր դերակատարում եւ ՌԴ նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Լավրովի եւ պաշտպանության նախարար Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ եւ ռուսական կողմը հետեւողականորեն այդ հարցը բարձրացնում է Ադրբեջանի ղեկավարության մոտ։ 

«Գործընկերներիս հետ իմ բազմաթիվ հեռախոսազրույցների ընթացքում հարցն առաջնային կարեւորության է արժանանում, միջազգային կազմակերպություններում տարբեր ուղղություններով աշխատանք է տարվում։ Արձագանքներից ակնհայտ է, որ Ադրբեջանի համար այս հարցը դառնում է իսկապես խնդրահարույց»,- ասել է Արա Այվազյանը։

Արա Այվազյանը հայ գերիների հարցի քաղաքականացումն անընդունելի է համարել։