Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ապագան անորոշ է, բայց ուզում ենք մնալ Հայաստանում»․ Հադրութցի ընտանիքի պատմությունը՝ պատերազմական օրերից

«Ապագան անորոշ է, բայց ուզում ենք մնալ Հայաստանում»․ Հադրութցի ընտանիքի պատմությունը՝ պատերազմական օրերից
Հասարակություն
18:19, 03 март 2021
Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում 40-ամյա Նանար Թևոսյանը հայրենի գյուղն ընդմիշտ կորցնելուց հետո ընտանիքի հետ ապրում է արդեն մի քանի ամիս։

Ընտանիքը Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղից է։ Նանարի խոսքով՝ սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների առաջին իսկ պահից հասկացել են, որ պատերազմ է սկսվել, սակայն ամեն օր սպասել են, որ շուտով կավարտվի․

«Հենց առաջին կրակոցներից գիտեինք, որ արդեն պատերազմ է, քանի որ դրանք սովորական կրակոցներ չէին։ Ճիշտ է, մեզ մոտ հաճախ էին լինում այդպիսի բաներ, բայց ոչ այս ձևով։ Մենք չէինք պատկերացնում, որ այսպիսի վերջաբան կլինի։ Մտածում էինք մի 2 օր կտևի՝ Ապրիլյանի նման, բայց դե․․․», - պատմում է նա։

Նանարի ամուսինը և 20-ամյա որդին մասնակցել են պատերազմին մինչ վերջին օրը։ 

«Տղաս բանակից նոր էր եկել, բայց սեպտեմբերի 28-ին գնաց կամավորագրվեց։ Սկզբում Ջաբրայիլում ու Ֆիզուլիում է կռվել, հետո, երբ դրանք էլ վերցրեցին, նրան տարան Մարտունի՝ Ճարտար գյուղ։ Ամսուսինս սկզբի 10 օրը զինվորներին հաց էր տանում։ Հետո իրենց փուռը, որտեղ աշխատում էր, պայթեցրին, ու նա գնաց, մասնակցեց կռվին։ Սկզբում Ֆիզուլի, հետո էլի Ճարտար՝ տղայիս մոտ»,- պատմում է Նանարը։

Ընտանիքը սեպտեմբերի 29-ին է լքել Հադրութը։ Սկզբում փորձել են ապաստանել մոտակա գյուղերում, որտեղ դեռ կրակոցներ չեն եղել, սակայն, երբ այդ գյուղերին էլ է հասել վտանգը, մեկնել են Հայաստան՝ Մասիս քաղաք։

«Մասիսում 2 ամիս 20 հոգով ապրել ենք մորաքրոջս տանը։ Նրանք էլ բարեկամներ ունին Ստեփանակերտից։ Հետո տեղափոխվեցինք այս գյուղ՝ եղբորս ընկերոջ տուն»։

Այս պահին տանը 2 ընտանիք է ապրում․ Նանարի մայրը՝ ընտանիքի մյուս անդամների հետ նույնպես իրենց հետ են բնակվում․ 10 հոգով 2 սենյականոց տանը՝ ծանր պայմաններում։ Ընտանիքը, սակայն, երկար չի կարող ապրել այստեղ։ Նանարի խոսքով՝ մինչև Մայիս ամիսն են տրամադրել նրանց այս ապաստարանը։

Արցախում Նանարի ամուսինը հացի փռում առաքիչ է աշխատել, սակայն հիմա աշխատանք չի կարողանում գտնել։ Ընտանիքի եկամտի աղբյուրը կառավարությունից ստացված օգնություններն են։ 

«Գալուց մտածում էինք, որ մեկ ա հետ ենք գնալու։ Բայց, երբ արդեն Հադրութը վերցրին, էլ հույսներս կտրավ։ Հիմա անորոշ վիճակ ա, չգիտենք՝ ինչ է լինելու, բայց ուզում ենք մնալ Հայաստանում», - պատմում է Նանարը։

Սյուզի Սիրականյան