Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուժի մեջ մտած սահմանափակումներից բացի՝ լրացուցիչ միջոցներ կկիրառենք, որ պատվաստումների գործընթացն արագանա. առողջապահության նախարար

Ուժի մեջ մտած սահմանափակումներից բացի՝ լրացուցիչ միջոցներ կկիրառենք, որ պատվաստումների գործընթացն արագանա. առողջապահության նախարար
Հասարակություն
12:42, 07 октябрь 2021
«Վարչապետը կառավարության նիստում դժգոհություն արտահայտեց, ինչը տեղին է, որովհետև մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պատվաստման ցուցանիշները հասցնենք թիրախային կետերին։ Վարչական և օրենսդրական փոփոխությունները արված են, և առաջիկայում էլ կտեսնենք, թե ինչ լրացուցիչ միջոցներ պետք է կիրառենք, որպեսզի քաղաքացիները պատվաստման ընթացքին ավելի ակտիվ մասնակցեն»,- այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

Ինչ վերաբերում է պարտադիր պատվաստմանը, նախարարի խոսքով՝ արդեն իսկ կա նման հնարավորություն, և նոր օրենք ընդունելու խնդիր չկա. «Մեր բնակչության սանիտարահամաճարակային մասին օրենքով հստակ պարտադիր պատվաստումների կետով նախատեսված է դա։ Ինչպես գիտեք, հոկտեմբերի 1-ից արդեն ուժի մեջ է մտել սահմանափակումների որոշակի փաթեթ, և առաջիկայում էլ կտեսնենք, թե լրացուցիչ ինչպիսի միջոցներ պետք է կիրառենք, որ պատվաստումների գործընթացն արագանա»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ երբվանի՞ց են տեսչական մարմինների աշխատակիցները սկսելու այցերը, արդյոք հենց հոկտեմբերի 14-ի՞ց պետք է սկսեն, և արդյոք տեսչական մարմինն ունի՞ բավարար ռեսուրս միաժամանակ բոլոր հիմնարկներում ստուգումներ անցկացնելու համար, և ի՞նչ սկզբունքով է որոշվելու, թե առաջինը որ հիմնարկում պետք է կատարվեն ստուգումները։

«Ես վստահ եմ, որ մեր վարչական ռեսուրսները բավարար են, և հնարավորինս մաքսիմալ, խստորեն կհետևենք տնտեսվարողների, քաղաքացիների կողմից սահմանված պայմանների կատարմանը։ Տեսչական մարմիններն այսօր էլ իրականացնում են որոշակի ստուգման աշխատանքներ»,- պատասխանեց նախարարը։