Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրակոցներ՝ Հրազդանում. մարզպետարանի հարևանությամբ գտնվող վարսավիրանոցում տեղի է ունեցել փոխհրաձգություն, կան վիրավորներ. shamshyan.com

Կրակոցներ՝ Հրազդանում. մարզպետարանի հարևանությամբ գտնվող վարսավիրանոցում տեղի է ունեցել փոխհրաձգություն, կան վիրավորներ. shamshyan.com
Հասարակություն
11:58, 08 октябрь 2021
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեկ՝ հոկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հրազդան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մորիս Ս-ն է։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվում, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Սևանի ոստիկանները՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի և ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված անձինք են Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Աշոտ Կ-ն և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Սամվել Ա-ն։ 

Նշված անձինք հրազենային վնասվածքներ են ստացել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23 փողոցում գտնվող վարսավիրանոցներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։

Աշոտ Կ-ի, Սամվել Ա-ի և Մորիս Ս-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Աշոտ Կ-ն իր մոտ եղած «Մակարով» տիպի ատրճանակով կրակոց է արձակել Մորիս Ս-ի ուղղությամբ, ով ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։ Իսկ Մորիս Ս-ի եղբայրը՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա Ավիս Ս-ն, դեռևս անհայտ տեսակի ատրճանակից կրակոց է արձակել Աշոտ Կ-ի և Սամվել Ա-ի ուղղությամբ, ովքեր նույնպես ոտքերի հատվածում ստացել են հրազենային վնասվածքներ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի կրակված պարկուճներ, արնանման հետքեր, ինչպես նաև պատուհանի վնասված ապակի։