Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայ առաքելական եկեղեցու հավատացյալների միություն»-ը պատվաստումը ներկայացնում է որպես «սատանայի դրոշմ»․ Առաքելական եկեղեցին պնդում է՝ կապ չունի դրա հետ և դեմ չէ պատվաստմանը

«Հայ առաքելական եկեղեցու հավատացյալների միություն»-ը պատվաստումը ներկայացնում է որպես «սատանայի դրոշմ»․ Առաքելական եկեղեցին պնդում է՝ կապ չունի դրա հետ և դեմ չէ պատվաստմանը
Հասարակություն
15:50, 11 октябрь 2021
«Հայ առաքելական եկեղեցու հավատացյալների միություն» ֆեյսբուքյան էջը, որին հիմնականում եկեղեցու հավատացյալներն են հետևում, վերջին շրջանում լծվել է պատվաստումների դեմ ուժգին հակաքարոզին՝ ֆեսբուքյան տեսանյութերով կորոնավիրուսի դեմ պատվաստումը ներկայացնելով որպես «սատանայի դրոշմ» և իրականում մոլորության մեջ գցելով հավատացյալներին։ 

Ըստ այդմ, պարբերաբար նյութեր և տեսանյութեր է տարածում՝ հորդորելով հավատացյալներին որևէ կերպ չպատվաստվել, իսկ արդեն պատվաստվածներին՝ ապաշխարել։ Ընդ որում՝ տեսանյութերը սարսափ ֆիլմ են հիշեցնում և փորձում են վախ տարածել հասարակության շրջանում, որպեսզի քաղաքացիները չպատվաստվեն։

Ուշագրավ է նաև, որ այս էջով ստորագրահավաք է իրականացվում ՓՊ նախկին նախագահ, «Փաստաբանական դպրոցի» ներկա ղեկավար Արա Զոհրաբյանի «Ազատ կամք» նախաձեռնության համար։ 

Հավատացյալները նաև մեզ հեզ զրույցում տեղեկացրին, որ օրինակ՝ Քանաքեռի սբ Հակոբ եկեղեցում պատվաստումների դեմ հակաքարոզ է իրականացվում նաև հենց պատարագի ժամանակ։ 

Civic.am
-ը կապ հաստատեց Հայ Առաքելական եկեղեցու մամլո դիվանի նոր պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ՝ պարզելու համար, արդյոք եկեղեցին տեղյա՞կ է իր անունից հանդես եկող այս միության գործունեության մասին, և ի՞նչ դիրքորոշում ունի պատվաստումների հետ կապված։

«Առաքելական եկեղեցին կապ չունի այդ հրապարակման հետ առհասարակ։ Եկեղեցին նորմալ է վերաբերվում պատվաստումներին և դեմ չի արտահայտվել»,- հայտարարեց տեր Եսային։ 

Նա նաև նշեց, որ «եկեղեցին որևէ կերպ հոգևոր վտանգ չի տեսնում պատվաստման մեջ», իսկ ինչ վերաբերվում է նման էջերին՝ դրանք բազմաթիվ են, որ հայ եկեղեցու անունն օգտագործելով՝ այդպիսի նյութեր են տարածում։  

Մեր ահազանգի առթիվ, թե Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագների ընթացքում հակաքարոզչություն է իրականացվում  քահանաների կողմից, Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը նշեց․ «Ես չեմ կարող դա հաստատել, որովհետև տեղյակ չեմ։ Կարծում եմ դա ապատեղեկատվություն է, որովհետև հասկանալով եկեղեցու հայեցակարգային դիրքորոշումը՝ չեմ կարծում, որ նման բան կարող է լինել»։ 

Գեղամ Ադյան