Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աճուրդի դրված պետական բարձր դասի ավտոմեքենաների գները չվաճառվելու դեպքում չեն նվազեցվելու

Աճուրդի դրված պետական բարձր դասի ավտոմեքենաների գները չվաճառվելու դեպքում չեն նվազեցվելու
Հասարակություն
10:26, 04 март 2021
Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից բարձր դասի 9 ավտոմեքենաների՝ մարտի 5-ին սպասվող աճուրդին, մարտի 3-ի դրությամբ՝ մասնակցության 2 հայտ է ստացվել:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի կառավարման վարչության պետ Գագիկ Իսրայելյանը:

«Հարկ եմ համարում նշել,որ չվաճառվելու դեպքում՝ հաջորդ աճուրդների ժամանակ, տվյալ ավտոմքենաների գների նվազեցում կառավարության կողմից չի նախատեսվում՝ հաշվի առնելով այդ մեքենաների բարձր դասը, տեխնիկակական լավ վիճակն ու լիկվիդայնության բարձր կարգը: Չվաճառվելու դեպքում՝ դրանք նորից նույն գնով կդրվեն աճուրդի: Նման պարագայում՝ օրենքով սահմանված կարգով, մյուս աճուրդը կայանալու է 15-20 օրից` առանց սահմանված գների փոփոխության»,- պարզաբանեց Իսրայելյանը՝ հավելելով, որ պետական բարձր դասի ավտոմեքենաների սպասվող աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցողները՝ կարող են դիմել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կայքէջերին ու պետական գույքի կառավարման վարչությանը:

Համաձայն կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի հրապարակած ցանկի՝ մասնավորապես ընթացիկ տարվա մարտի 5-ին աճուրդի են ներկայացվելու, ընդհանուր առմամբ, 9 մարդատար բարձր դասի ավտոմեքենաներ: Աճուրդի ներկայացվող ավտոմեքենաների մեկնարկային գինն ըստ տարեթվի ու մակնիշի՝ գնահատվում է 11 միլիոն 700 հազարից մինչև 25 միլիոն 200 հազար դրամ: Ըստ մեկնարկային գնի՝ ավտոմեքենաների ընդհանուր ակնկալվող արժեքն է 149 միլիոն 800 հազար դրամ:

Դեռևս տարեսկզբին Արցախի պետական պաշտոնյաների ծառայողական ավտոմեքենաների թվի կրճատման և դրանք աճուրդի դնելու վերաբերյալ տեղեկացրել էր Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ պետական թանկարժեք ծառայողական ավտոմեքենաները բաց աճուրդի ներկայացնելու որոշում է ընդունվել: Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ աճուրդից ստացված ֆինանսական միջոցները մուտքագրվելու են պետական բյուջե՝ ըստ կարիքի հանրային նպատակներով օգտագործելու համար: