Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը խստացնելու է վիրուսի տարածման վերահսկողական միջոցառումները

Կառավարությունը խստացնելու է վիրուսի տարածման վերահսկողական միջոցառումները
Հասարակություն
11:45, 04 март 2021
Այսօր կառավարության նիստը սկսվեց Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսով վերջին օրերին վարակվածների թվի աճի իրադրության անդրադարձով։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով վիճակագրությունը նշեց, որ ունենք հիվանդացության աճ և երեկվա դրությամբ 2922 հետազոտությունից Հայաստանում հայտնաբերվել է 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է։

«Եթե մենք հունվար-փետրվար ամիսներին ունեինք թեստավորվածների մեջ 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա, ինչպես տեսնում ենք, արդեն մինչև 16 տոկոս է, և  հաջորդ շաբաթ մեր կանխատեսումներով այս թիվը կավելանա»,- նշեց նա։

Նախարարի խոսքով՝ պետք է վերադառնալ դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը և հորդորեց բոլորին, ինչպես նաև վերահսկողական մամիններին, որպեսզի հստակ հսկողություն իրականացնեն։

«Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, պաշտպանել մեզ նոր սահմանափակումների կիրառումից, ապա պետք է ամեն բան անել, որպեսզի կանխենք հիվանդության տարածումը»։

Նրա խոսքով պետք է հատուկ ուշադրություն դարձնել առաջիկա օրերին Մարտի 8-ի հետ կապված շարժի ավելացմանը՝ և՛ առևտրային կենտրոններում, և՛ հյուրատներում։  

Նախարարը տեղեկացրեց, որ արդեն 2 հիվանդանոցների ծավալման աշխատանքները սկսվում են։

«Ներկայումս մենք ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը, և հընթացս կավելացնենք մահճակալների թիվը։ Բայց, անգամ եթե մենք ի վիճակի լինենք բոլորին պատշաճ բժշկական օգնություն տրամադրել, գտեք, որ այս հիվանդությունը ունի մոտ 20 տոկոսին մոտ ծանր ընթացք, և 5 տոկոսին մոտ՝ ծայրահեղ ծանր ընթացք»։

Նախարարը անդրադարձավ նաև պատվաստանյութերի  հարցին, նշելով, որ ձեռք բերման աշխատանքները ընթացքի մեջ են․ «Կովակսի հարթակում բանակցությունները շարունակվում են։ Որոշակի ընդհանուր դանդաղում կա պրոցեսների մեջ, բայց մենք մեր այլ երկրների գործընկերների հետ փորձում ենք ճնշում բանեցնել, որպեսզի հասանելիությունը զարգացող երկրների, ապահովվի։ Հույս ունենք, որ գարնան ընթացքում մենք պիտի առաջին խմբաքանակը ունենանք»։

Նախարարը նշեց, որ ռուսական կողմի հետ բանակցությունները ավարտված են, և պայմանագիրը կնքման փուլում է՝ առաջին խմբաքանակի հետ կապված։

«Ուզում եմ նշել, որ պատվաստանյութերի ներմուծման և պատվաստման գործընթացին զուգընթած, պետք է  դեռ պահպանենք դիմակների կրումը։ Դա մեր որոշումը չէ, այլ համընդհանուր մոտեցում է։ Մի թյուրըմբռնում կա, որ, եթե վարակվել և լավացել են անձինք, ապա նրանք ավելի դժկամությամբ են կրում դիմակներ», - նշում է նախարարը։

Նախարարը կոչ է անում քաղաքացիներին, նույնիսկ վարակվելու և առողջանալու դեպքում, պահպանել այս կանոնները, քանի որ որևէ գիտական ապացուցված մոտեցում չկա, որ այս դեպքում այլ շտամերով նրանց կողմից վարակումը բացառված է։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ իր հերթին նշեց, որ այսօր շահագրգիր գերատեսչությունների հետ քննարկումներ են պատրաստվում անցկացնել, որպեսզի թիրախային վերահսկողական միջոցառումների մասով ուժեղացված գործողություններ իրականացնեն։

«Ինչպես մեր սեփական փորձը ցույց տվեց, մենք լավ հաջողություն ենք գրանցել դա անելով՝ ամռանը, նաև աշնանն ենք կարողացել դիմանալ։ Հույս ունեմ՝ այս անգամ էլ կկարողանանք դիմակայել նոր ալիքին»,- նշեց պարոն Թորոսյանը։

Սյուզի Սիրականյան