Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդենիկում բացվել եւ օրհնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշարձանը

Վարդենիկում բացվել եւ օրհնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշարձանը
Հասարակություն
13:48, 13 октябрь 2021
Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում բացվել եւ օրհնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի վարդենիկցի հերոսներ Տիգրան Արշակյանի, Հակոբ Գեւորգյանի, Հարութ Ավետիսյանի, Արսեն Աբրոյանի, Վահան Օհանյանի,Արմեն Մինասյանի, Սերգեյ Մխոյանի, Արտաշ Այվազյանի, Մանվել Մանուկյանի Փառքի հուշարձանը։ Արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի եւ Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչներ, զոհված հերոսների ծնողները եւ հարազատները, Վարդենիկի կրթական հաստատությունների մանկավարժներ եւ աշակերտներ, Վարդենիկ համայնքի բնակիչներ։

Հուշարձանի օրհնության կարգ են կատարել Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվներ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը եւ Տեր Տարոն քահանա Հունանյանը։

Հերոսների գործն ու անուններն իրենց ելույթներում փառաբանել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը եւ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը։

Արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել նորաբաց հուշարձանին։

Փառքի հուշարձանը կառուցվել է Վարդենիկ համայնքի բնակիչ Արթուր Աբրոյանի նախաձեռնությամբ եւ բարերարությամբ։ Այն տեղադրված է Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցին հարող տարածքում։