Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշնանացանի սերմերի սուբսիդավորման ծրագրի համար կհատկացվի 329 մլն դրամ. Քերոբյան

«Այս որոշումը սպասարկելու է մեր որոշ ժամանակ առաջ կայացրած աշնանացանի սերմերի սուբսիդավորման ծրագիրը, և մենք այս ծրագրի համար հատկացնում ենք 329 մլն դրամ»,-այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կառավարության հերթական նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ ծրագիրն առաջին անգամ նախորդ տարի է գործարկվել, և պատկերը բավականին դրական է. «Բայց նախորդ տարվա թերությունները շտկելու համար մենք ավելացրել ենք ախտահարված սերմ լինելու պահանջարկը»:

«Եթե միջինը 1.8 տոննա բերքատվություն կա սովորական սերմի ժամանակ, ապա այս բարձրորակ սերմերի պարագայում բերքատվությունը ավելի քան 3 տոննա է»,- նշեց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Մենք քաղաքացուն ասում ենք՝ եթե դու 70 դրամ ես տալիս սովորական ցորեն առնելու և այն որպես սերմ օգտագործելու համար, մենք ձեր այդ գումարին ավելացնում ենք այնքան, որ դուք կարողանաք լիցենզավորված սերմ գնել»:

Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ իբր սերտիֆիկացված սերմ է ցանվել, բայց արդյունքում գյուղացիները հայտնվել են պարտքերի տակ, և մի քանի քրեական գործ է հարուցվել. «Մաքսային մարմինները և պետական վերահսկողություն ունեցող բոլոր մարմինները պետք է կարողանան ապահովել, որ առաջարկվող սերտիֆիկացված սերմնացուի անվան տակ վաճառվող սերմերն իրոք սերտիֆիկացված լինեն»: