Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուռուցքով հիվանդներին ցուցված է կորոնավիրուսի դեմ պատվաստվելը, բացառությամբ որոշ դեպքերի. Հայկուհի Գյոկչյան

Ուռուցքով հիվանդներին ցուցված է կորոնավիրուսի դեմ պատվաստվելը, բացառությամբ որոշ դեպքերի. Հայկուհի Գյոկչյան
Հասարակություն
13:35, 14 октябрь 2021
«Ուռուցքով հիվանդները եթե վարակվում են կորոնավիրուսով, ուշանում են հերթական կուրսերը, բաց են թողնում իրենց ժամանակին ստանալիք դեղորայքը: Բացի դրանից, այս մեկ տարվա ընթացքում մենք նկատեցինք՝ քանի որ կորոնավիրուսը ունի տրոպիզմ, այսինքն՝ հատուկ ներվային բջիջների վրա է ազդում, ապա հեմատոէնցեֆալիկ բարիերն է թուլացնում, և դրա պատճառով մենք ունեցանք որոշ հիվանդներ, որոնք կորոնավիրուսով հիվանդանալուց հետո ունեցան գլխուղեղի մետաստազավորում»,- այսօր` հոկտեմբերի 14-ին, «Արմենպրեսի» տաղավարում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը: 

«Մենք ունենք ուռուցքաբանական ասոցիացիաներ՝ ամերիկյան և եվրոպական, որոնք մեզ տվել են իրենց ուղեցույցները՝ ուռուցքով հիվանդների քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա ստացող հիվանդների և պատվաստման հետ կապված: Պատվաստման բացարձակ հակացուցում մենք չունենք, դա միայն վերաբերում է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին»,- հավելեց նա:

Հայկուհի Գյոկչյանի խոսքով՝ պատվաստումը կարելի է հետաձգել միայն հետևյալ դեպքերում.  «Ոսկրածուծի տրասպլանտացիա ստացող հիվանդներին խորհուրդ է տրվում երեք ամիս հետաձգել պատվաստումը, ծանր հիվանդություն ունեցող և բջջային թերապիա անցնող հիվանդներին ևս խորհուրդ է տրվում հետաձգել պատվաստումը»,- ասաց նա ու ընդգծեց, որ մնացած բոլոր դեպքերում, անկախ նրանից՝ հիվանդը ստանում է քիմիաթերապիա, հորմոնաթերապիա, ստանում է թիրախային բուժում կամ ուղղակի գտնվում է դինամիկ հսկողության տակ, չունեն հակացուցում կորոնավիրուսի դեմ: