Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վեոլա ջրի» վթարների վերացման բրիգադը ժամը 6-ից հետո չի աշխատում՝ անկախ այն բանից, թե Երևանում քանի շենք է զրկվել խմելու ջրից

«Վեոլա ջրի» վթարների վերացման բրիգադը ժամը 6-ից հետո չի աշխատում՝ անկախ այն բանից, թե Երևանում քանի շենք է զրկվել խմելու ջրից
Հասարակություն
15:37, 14 октябрь 2021
Պարզվում է՝ ջրամատակարարման մենաշնորհ ունեցող «Վեոլա ջուր» ընկերությունը աշխատանքային ժամից՝ 6-ից հետո չի զբաղվում վթարների վերացմամբ, անգամ եթե Երևանի մի քանի շենքի ջրամատակարարումը դադարեցվել է այդ ժամին։ 

Նար-Դոս փողոցի 77 և 75 շենքերի ջրամատակարարումը երեկ երեկոյից՝ ժամը 6-ի սահմաններում, առանց նախազգուշացման անջատվել է՝ վթարի պատճառաբանությամբ, սակայն վերանորոգման աշխատանքները սկսել են միայն առավոտյան 9.30-ից հետո։ Բնակչի հարցին, թե ինչո՞ւ երեկվանից չեն սկսել վթարի վերացման աշխատանքները, վերանորոգման խմբի ղեկավարը մուննաթով պատասխանել է, թե հո երեկոյան չէի՞ն աշխատելու, իրենք 6-ից հետո չեն աշխատում։ 

Թերևս դժվար է գտնել մեկ այլ երկիր, որտեղ նման գրաֆիկով են աշխատում վթարների վերացմամբ զբաղվող ընկերությունները, այն էլ՝ մենաշնորհ ունեցող ջրամատակարարները։ 

Ուշագրավն այն է, որ երբ վթարի օրը երեկոյան բնակիչները զանգահարել են «Վեոլա ջուր» ընկերություն, այնտեղից վստահեցրել են, թե վթարի վերացման աշխատանքներ են իրականացնում, այնինչ միայն առավոտյան են եկել, փոս փորել՝ հասկանալու համար, թե ինչ է եղել։

Ասել է թե՝ «Վեոլա ջրից» ստել են բնակչին։
 
Civic.am-ը հարցում է ուղարկել «Վեոլա ջրի» գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք անմիջապե՞ս չպետք է սկսվեին վթարի վերացման աշխատանքները, և ի՞նչն է պատճառը, որ սկսել են հաջորդ օրը՝ առանց ջրի թողնելով բնակչությանը։ Արդյոք ընկերությունը նորմա՞լ է համարում, որ 6-ից հետո վթարի վերացմամբ չեն զբաղվում, և արդյոք հերթափոխ չկա՞։ Ի՞նչն է պատճառը, որ անմիջապես չի վերացվել վթարը։ Նաև՝ ինչո՞ւ է «Վեոլա ջրի» հեռախոսավարուհին երեկ երեկոյան պնդել, որ վթարի վերացման ուղղությամբ աշխատանքները տարվում են՝ այն դեպքում, երբ դրանք սկսվել են միայն առավոտյան 9.30-ից հետո։ 

Նշենք, որ նման սպասարկման պարագայում «Վեոլա ջուր» ընկերությունը պատրաստվում է բարձրացնել ջրի սակագինը և դրա համար դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։