Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկվում է 10 տարի պաշտոնավարած դատավորին նշանակել կենսաթոշակ

Առաջարկվում է 10 տարի պաշտոնավարած դատավորին նշանակել կենսաթոշակ
Հասարակություն
16:27, 04 март 2021
ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկում են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: 
Նախագծի համահեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Դավթյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին նշանակել դատավորի կենսաթոշակ: 

Նրա խոսքով՝ նախագիծը տարածվում է այն անձանց վրա, որոնց լիազորությունները դադարել են կամ դադարեցվել են Դատական օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով: 

«Կենսաթոշակից օգտվելու համար դատավորը պետք է աշխատի առնվազն 10 տարի: Դատավորների կենսաթոշակի տարբերությունը պետք է շատ չլինի նրա վերջին ստացած աշխատավարձից: Դատավորն ստանալու է իր վերջին աշխատավարձի 75 տոկոսի չափով կենսաթոշակ: Դրանով մենք նպաստում ենք, որ մեր լավ իրավաբանները ցանկանան լինել դատավոր, և ապահովում ենք նրանց բարեկեցիկ ծերությունը»,- նշեց Արթուր Դավթյանը։

Դավթյանը հավելեց, որ կա նաև բացառություն՝ դատավորի թոշակ չի նշանակվում, երբ անձը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն: Այդ դեպքում դատավորի կենսաթոշակի իրավունք ունեցող անձին նշանակվում և վճարվում է մեկ կենսաթոշակ՝ իր ընտրությամբ: