Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դեռևս չի կատարվել ՄՈԲ-ի վճարումների 3-4 %-ը»․ Պաշտպանության նախարար

«Դեռևս չի կատարվել ՄՈԲ-ի վճարումների 3-4 %-ը»․ Պաշտպանության նախարար
Հասարակություն
18:00, 10 февраль 2021
Այսօր ԱԺ հերթական նիստի հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը բարձրացրեց ՄՈԲ-ի վճարումների հարցը,  նշելով, որ որոշակի բյուրոկրատական խնդիրներ կան և թղթաբանության պատճառով մարդկանց վճարումները ուշացվում են։

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ի պատասխան նշեց, որ այսօր դեռևս չի վճարվել ՄՕԲ-ի մոտավորապես 3-4 տոկոսը և պատճառները մի քանիսն են․ «Առաջինը՝ չեն ստացել նրանք, ովքեր չեն ներկայացրել իրենց անձնական տվյալները, և երկրորդ՝ նրանք, ովքեր դուրս են եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ և զորամաս չի հասել։ Բնական է, որ այստեղ հաշվառման հարց է առաջանում։ Այս գործընթացը ընթացքի մեջ է, և մենք համարում ենք, որ մինչև մարտի 1-ը այդ հաշվառման խնդիրները կլուծենք և կվճարենք»։

Նախարար Հարությունյանի խոսքով՝  հաջորդ խնդիրը վերաբերում է այն մարդկանց, ովքեր կամավոր գնացել են պատերազմ, սակայն զորամասում չեն գրանցվել․ «Որպեսզի մենք այդ վճարումները իրականցնենք, իսկ մենք դա անում ենք, մենք պահանջում ենք, որ այն զորամասում, որտեղ նրանք մասնակցել են, ներկայացնեն իրենց տվյալները։ Հենց մենք դա ստանում ենք, վճարում ենք»։

Ենգիբարյանի այն հարցին, թե  այս պահին զինվորականների ապահովագրության հիմնադրամի վճարումների հետ կապված ինչպիսի իրավիճակ է տիրում, Պաշտպանության նախարարը նշեց, որ հիմնադրամի հետ կապված վճարումներ կարող են ստանալ շատ տարբեր կատեգորիաների անձինք․ անհետ կորածներ, վիրավորներ․ «Կառավարությունը որոշում ընդունել է․ ամեն մի վիրավորի տրամադրվում է 500․000 դրամ, և այդ գործընթացը գնում է։ Ինչ վերաբերվում է հաշմանդամներին, ապա, հենց  հաստատվում է դա, նրանք հիմնադրամից ստանոււմ են համապատասխան գումարները»։

Սյուզի Սիրականյան