Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևան-Գյումրի ճանապարհին «GAZel»-ի կողաշրջման հետևանքով հոսպիտալացված 6 անձ վերակենդանացման բաժանմունքում է, մյուսները հետազոտվում են

Երևան-Գյումրի ճանապարհին «GAZel»-ի կողաշրջման հետևանքով հոսպիտալացված 6 անձ վերակենդանացման բաժանմունքում է, մյուսները հետազոտվում են
Հասարակություն
11:14, 20 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով հոսպիտալացված 6 անձ գտնվում է «Արմենիա» ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին բժշկական կենտրոնից ու հավելեցին, որ ևս 4-ն էլ ամբուլատոր հետազոտություն են անցնում։ 

Իսկ Աշտարակ ԲԿ-ից տեղեկացրեցին, որ իրենց մոտ հոսպիտալացված 3 անձի մոտ վիճակը գնահատվում է նորմալ՝ տուժածները դինամիկ հսկողության տակ են։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ԱԻՆ-ը հայտարարություն տարածեց այն մասին, որ Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ․ «Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ըստ նախնական տվյալների կա 5 զոհ և 13 տուժած։ Տուժածներից տասը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, երեքը՝ Աշտարակի ԲԿ»։