Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիրահատությունից հետո էլ Երևան-Գյումրի «Գազելի» վթարի վիրավորներից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են․ հիմնականում երիտասարդներ են․ «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժության գծով գլխավոր տնօրենի տեղակալ․ Տեսանյութ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով տարբեր տեսակի վիրավորումներ են ստացել 17 անձ, 5անձ, այդ թվում՝ «Գազելի» վարորդը, զոհվել են։ Տասն անձ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ մյուս վիրավորները՝ «Աշտարակի» բժշկական կենտրոն։ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված անձանցից 6-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 

«Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Կուրղինյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ վթարից տուժածները հիմնականում երիտասարդներ են։ Այն տուժածները, որոնք ամբուլատոր հետազոտություն են անցել և արդեն գնացել են տուն՝ նրանց մոտ ախտորոշվել են կոտրվածքներ և արյունազեղումներ. «Առավոտյան 08։30-09։00-ի միջակայքում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն են բերվել թվով 10 տուժածներ, որոնցից 6-ի վիճակը գնահատվել է ծանր, և ընդունարանից տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։ 6-ից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վիճակների ծանրությունը պայմանավորված է պոլիտրավմաներով ՝ գանգուղեղային կամ կրծքավանդակի ու որովայնի, նաև կոտրվածքներով։ 2-ը վիրահատվել են՝ ուղեղի մեջ առաջացած հեմատոման հեռացվել է, վիրահատությունն ավարտվել է բարեհաջող, բայց ընդհանուր վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ մյուսի փայծաղն է հեռացվել։ Ծայրահեղ ծանր հիվանդների մեջ կան այնպիսիք, որոնք վիրահատության ենթակա չեն այս պահին։ 10 վիրավորներից 4 պացիենտի բուժօգնություն են ցույց տվել հիվանդանոցի անհետաձգելի օգնության սրահում, կատարվել են նաև հետազոտություններ, և 3 պացիենտ արդեն գնացել են տուն»։   

«Արտաշատի» բժշկական կենտրոնից էլ մեզ ավելի վաղ հայտնել էին, որ իրենց մոտ հոսպիտալացված անձանց վիճակը գնահատվում է նորմալ։ 

Դեպքի վերաբերյալ վաղ առավոտյան հաղորդագրություն էր տարածել արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ընդգծելով, որ ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահար։  

Հինգ անձի մահվան ելքով ավթովթարի հանգամանքները պարզելու համար Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 230-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, և շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն  անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ:

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում